Նախապես ասեմ՝ չեմ ուզում հարցականի տակ դնել որոշ փորձագետների այն պնդումները, որ նոր հայ-ադրբեջանական պատերազմի վտանգ կա: Ուղղակի այն պատճառով, որ համարենք՝ կոմպետենտ չեմ, առնվազն փորձագիտական մակարդակով: Նույնիսկ անկախ գիտականորեն հիմնավորված այն ճշմարտությունից, որ ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ կոմպետենտ լինել ամեն ինչից փորձագիտական մակարդակով (օրինակ՝ տե՛ս Steven Sloman, Philip Fernbach, «The Knowledge Illusion». ինքս ռուսերեն եմ կարդացել):
Վերջին շրջանում ուշադրությունս պարբերաբար գրավում են ժողովրդին ուղղված զգոնության կոչեր՝ կապված հայ-ադրբեջանական օրհասական ու անդառնալի պատերազմի հետ: Օտար լեզուների կիրառմամբ նման տեխնոլոգիայի թիրախները պատկերացնում եմ՝ միջազգային հանրություն, Ադրբեջան և այլն: Բայց խոսքը տանելու եմ հատկապես հայ ժողովրդին թիրախավորած կոչերի մասին:
Դրանք, որպես կանոն, հնչում են հեռացած քաղաքական ուժին ուղիղ կամ անուղղակի սատարող փորձագիտական խմբերի կողմից: Ես չեմ բացառում, որ նման վտանգի մասին տեղյակ են նաև գործող իշխանություններին սատարող փորձագետներ, բայց չեն հանրայնացնում: Գուցեև նման վտանգ չկա ընդհանրապես: Նորից եմ կրկնում՝ կոմպետենտ չեմ, և չեմ քննարկում՝ ռեալ են այդ վտանգները, թե ոչ, արդյոք փորձագետներն իրենց կոչերում անկեղծ են, թե ոչ:
Հարցն այն է, որ այդ կոչերն ուղղված են ժողովրդին: Ես վստահ եմ, որ մեծ վտանգի դեմ նույնիսկ ամենաոխերիմ թշնամիներն են միավորվում, էլ ուր մնաց՝ քաղաքական հակառակորդները: Վստահ եմ, որ եթե վտանգն այդքան մեծ է, փորձագետներն արդեն բոլոր վերլուծությունները՝ ամենահիմնավոր փաստերով ու փաստարկներով դրած պետք է լինեին կառավարության սեղանին, ինչ ճանապարհով էլ դա լիներ: Նույնիսկ ամենաատելի կառավարության, որովհետև իրենք հայրենասեր են, իսկ խնդիրն էլ ընդհանուր է:
Նույնիսկ ամենաստահակ իշխանությանը ձեռ չի տալիս պատերազմը, ու նա առնվազն կկարդար այդ ուսումնասիրությունն ու նույնիսկ ջղաձգվելով, բայց քայլեր կձեռնարկեր: Եվ նույնիսկ ամենահիմար կառավարության մոտ չէր կարող չաշխատել ինքնապաշտպանական բնազդը, եթե հանուն պետականության անվտանգության այդ վտանգի գիտակցումը զոռով մեխվեր նրա ուղեղում: Ինչ ճանապարհով էլ դա լիներ:
Բայց կոչն ուղղված է ժողովրդին: Ուղղված է ժողովրդին, որ նա ինչ-որ կերպ արձագանքի: Չեմ ուզում սրա տակ չարամտություն փնտրել, մանավանդ որ կարևոր էլ չէ՝ ինչ են ուզում, որ անի ժողովուրդը: Կարևոր է, թե նա ինչ կանի: Իսկ ահա թե ինչ:
Ժամանակի պլանավորման հոգեբանությունը մի հետաքրքիր նյուանս ունի՝ անցումային կետ, այսպես կոչված՝ checkpoint: Դա այն է, որը մենք պատկերավոր անվանում ենք «Թող Նոր տարին անցնի, հետո կտեսնենք» կամ «Թող մի քիչ տաքերն ընկնեն, ու անենք» կամ «Մի հատ հունի մեջ ընկնենք, նոր», կամ ամենավատ տարբերակը՝ «Հլը սպասի տենանք՝ ինչ ա ըլնում...»:
Սա ոչ այլ ինչ է, քան նախնական պլանավորման հետաձգում անորոշ ժամանակով, բայց պսևդոհստակեցված ժամանակահատվածում: Դա հիմնականում պայմանավորված է լինում բարդ փուլի հաղթահարումից հետո սպասվող նոր շրջափուլի հանդեպ լավատեսությամբ: Իսկ եթե սպասումներդ լավատեսական չե՞ն: Որովհետև ի՞նչ է պատերազմը, եթե ոչ մահ: Իսկ ինչն է ավելի վատ մահից, քան մահվան սպասումը:
Հնարավոր պատերազմի checkpoint-ը զարգացման լավագույն արգելակն է, որ հնարավոր էր հորինել: Ու ժողովուրդը պատերազմի վտանգի հանդեպ զգոնության կոչերին ի պատասխան մի բան է անելու ընդամենը՝ սպասելու է․ «դե հլը սպասի, մի վռազի, ասում են՝ պատերազմ ա լինելու»: Սա նշանակում է անժամկետ զանգվածային դեպրեսիա՝ դրանից բխող տնտեսական ու սոցիալ-մշակութային հետևանքներով, եթե, իհարկե, այդ տեխնոլոգիան աշխատի:
Քավ լիցի, ես հոգուս մեղք չեմ վերցնի ու համարեմ, որ կարելի է այդքան ատել մրցակից իշխանություններին, որ դա ակամա պրոյեկտվի նաև հայրենիքի, պետության, սոցիալ-մշակութային համակարգի ու ժողովրդի վրա: Ես լավատեսորեն կարծում եմ, որ այդ կոչերի հնարավոր հետևանքները չգիտակցված են, առավել ևս՝ եթե, Աստված մի արասցե, այդ վտանգներն իրական են: Պատկերացնում եմ, թե որքան հեշտ է նման սթրեսային վիճակում կորցնել նրբանկատությունը: Բայց փաստն այն է, որ այդ կոչերն ուղղվում են ժողովրդին, ու վստահ չեմ, որ փաստարկված կերպով դրված են կառավարության սեղանին:
Խնդրում եմ՝ օգնեք, գուցե սխալ եմ հասկանում, գուցե լավ է դա: Ուղղվում են ժողովրդին, որ ժողովուրդը, բացատրեք ինձ, սպասելուց բացի, ուրիշ ի՞նչ անի: