Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում մեր քաղաքական վերնախավի անողնաշարությունը։ Նախորդ իշխանությունների օրոք, երբ նման հակահայ ակցիաներ էին տեղի ունենում տարբեր երկրներում, դրան միջամտում էին անմիջապես երկրի ղեկավարները՝ լիներ Քոչարյան թե Սարգսյան։ Դրա վերջին վառ ապացույցը Շվեդիայում 2016-ին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական հակահայ ցույցերն էին, որի ժամանակ թուրք գործչի հայատյաց հայտարարությունները ճանաչվել էին որպես քրեական հանցագործություն, և նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Դա որքան շվեդական իշխանությունների, նույնքան էլ Հայաստանի ղեկավարության ճիշտ և գրագետ արձագանքի հետևանքն էր։ ԱՊՀ երկրների մասով էլ նույնը կլիներ, քանի որ այդ երկրների ղեկավարների հետ Քոչարյանն ու Սարգսյանը ավելի ջերմ կապեր ունեին, և մեկ զանգով հնարավոր էր լուծել ցանկացած հակահայ խնդիր։ Դրա ապացույցը երրորդ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացումն էր, որը պետք է ուժի մեջ մտներ 2018-ից, բայց հետաձգվել է մինչև 2020 թվական ոչ մեր սիրուն աչքերի համար, այլ հենց վերը նշված հեռախոսազանգերի շնորհիվ։
Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք այսօր։ Փաշինյանը քեֆերի մեջ է. մե՛կ ջազ է լսում, մեկ էլ պարում է Ալեն Սիմոնյանի ծնունդին, ու ինչ-որ հայտարարությամբ հանդես է գալիս ոչ թե ԱԳ նախարարը, այլ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, էն էլ՝ երևի ամոթու զոհ գնալով, մինչդեռ Ղազախստանում բնակվող 26.000 հայեր ամեն օր սարսափով են քնում ու արթնանում՝ չիմանալով, թե հաջորդ պահին ինչ կարող է պատահել իրենց հետ։
Որ Ղազախստանում ոչ մի բան առանց Նազարբաևի իմացության չի լինում, դա բոլորին է հայտնի։ Ու որքան էլ ներկայացնեն, որ ցույցերն ինքնաբուխ են, խելամիտ մարդը դրան չի հավատա։ Սա հետևանքն է Փաշինյանի վարած կացին քաղաքականության, երբ երկրի ներսից հոխորտում է Նազարբաևի ու Լուկաշենկոյի վրա, իսկ նրանց դիմաց, ինչպես Լուկաշենկոն էր ասում, լեզուն համապատասխան տեղն է մտցնում։
Ի՞նչ են մտածում այս մասին Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչները, ովքեր գառ էին մատաղ անում Նիկոլի ոտքերի տակ, նրան փրկիչ համարում, երբ նա Աստանայում հանդիպում էր նրանց հետ։ Բա ինչի՞ հիմա ձեր Նիկոլը ձեզ տեր չի կանգնում, անգամ հեռախոսը չի վերցրել ու զանգել Նազարբաևին՝ հասկանալու, թե ինչ կարող է սպառնալ իր հայրենակիցներին։ Վստահ եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը կանեին ու արել են, երբ հարկ է եղել, բայց մեր քեֆչի Հասանը, փաստորեն, թքած ունի իր 26.000 հայրենակիցների հետագա ճակատագրի վրա։ Ու թող մի քիչ դաժան հնչի, բայց այդ հայրենակիցներին տեղն ա։ Եվ հաշվի առնելով Նիկոլի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը մասնավորապես ԱՊՀ երկրների մասով՝ չեմ զարմանա, որ տարբեր առիթներով նոր հակահայ ցույցեր սկսվեն վերոնշյալ երկրներում։