Քիչ առաջ գործընկերներիցս մեկը ինձ էր ուղարկել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հրապարակման հղումը: Հրապարակման մեջ  մասնավորապես ասված է. մեջբերում եմ՝ «Վրացական խոշոր հրատարակչություններից մեկը նախորդ տարվա ընթացքում վաճառել է միլիոն ու կես հատ գիրք: Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանում կա 400 հրատարակչություն: Ինչի դիմաց Հայաստանում վաճառվել է 5700 հատ գիրք, այսինքն՝ մենք հաղթում ենք ստեղծագործական մրցույթում, մինչդեռ զիջում ենք ընթերցողների քանակով»: Սկսեմ ամենատարրական դիտարկումով՝ Հայաստանում վերջին մարդահամարի արդյունքներով բնակվում է երկու միլիոնից պակաս մարդ, իսկ Վրաստանում բնակչության թիվը գերազանցում է չորս ու կես միլիոնը, ուստի բնական է, որ ընթերցողների քանակով Վրաստանը, այսպես թե այնպես, երկու անգամ գերազանցում է մեզ: Մյուս դիտարկումը՝ նման տնտեսական ու ֆինանսական պայմաններում, առավել ևս այն դեպքում, որ հրապարակումն արված է նախորդ տարվա վաճառքի ցուցանիշով, իսկ նախորդ տարին Հայաստանի համար ավելի ծանր էր, որովհետև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները շտկելը առավել ծանրացրեց երկրի սոցիալական դրությունը, երբ հասարակության մի ստվար զանգված հազիվ էր հացի գումար հայթայթում, սոցիալական նման պայմաններում հոգևոր սննդի մասին մոռանալն ամենատրամաբանականն է, ուստի նաև բնական է, որ գրքերի վաճառքի ցուցանիշները ցածր պիտի լինեին: Վաճառքի ցուցանիշներով ընթերցողների քանակ հաշվելը դուրս է երևակայության սահմաններից: Մի՞թե Հայաստանից իսպառ վերացել են գրադարանները, որոնք, որևէ գրքից գնելով երեք օրինակ, կարող են այն հասանելի դարձնել ամենաքիչը հազարավոր ընթերցողների: Կամ երբևէ համեմատե՞լ եք վրացական գրախանութների գրքերի գինը հայկական գրախանութների գրքերի գներին: Մի՞թե նույն Արմեն Մարտիրոսյանն ու Արքմենիկ Նիկողոսյանն ամեն առիթով չեն հայտարարում, որ գիրքը պետք է թանկ լինի, չնայած այդպես էլ չեմ հասկանում` ինչ տրամաբանությամբ են մարդիկ հանգում այդ եզրակացությանը: Բացի այդ, Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց «Անտարես» հրատարակչության ցուցանիշները միայն, իսկ «Անտարես» հրատարակչությունը նախորդ տարի հանդես եկավ, ըստ իս, ամենաանորակ գրքերի հրատարակմամբ, չնայած բացառություններին: Այսինքն՝ հայ գրողներն ու հրատարակիչները, որոնց ավելի ճիշտ է համարել չգրողներ, հրատարակում են իրենց անճաշակ ու անորակ գրականությունը, ու ըստ դրանց վաճառքի հաշվում ընթերցողների քանակը` նկատի չունենալով, որ հայ ընթերցողին գեղարվեստական բարձր մակարդակի գրականություն է անհրաժեշտ: Պատահական չէ, որ գրադարաններում, գրքի ընթերցանության ցուցանիշով, հայ ընթերցողների մոտ մեծ է արտասահմանյան գրականության պահանջարկը, իսկ արտասահմանյան գրականության վերահրատարակում, համենայնդեպս, գոնե նախորդ տարի չկար, և ընթերցվում էին 70-ական թվականների «Սովետական գրող» և այլ խորհրդային հրատարակչությունների հրատարակած գրքերը: Ընթերցողների գնողունակության անկման պայմաններում հայ հասարակության հոգեբանությունից գնալով վերանում է սեփական գիրքն ունենալու սկզբունքը, այսինքն՝ եթե ես գնել եմ որևէ գիրք, այն կարող է կարդալ իմ ողջ ընկերական շրջապատը՝ առանց իր սեփականը գնելու, որովհետև մարդիկ ի տարբերություն իրենց «նախահայրերի» չունեն իրենց սեփական գիրքն ունենալու հակում, կարևորն ընթերցելն է: Այնպես որ, հարգելի հրատարակիչներ, մեր` ընթերցողներիս քանակը հաշվելու համար բավական է շուկա դուրս բերել որակյալ գրականություն ու տեսնել, թե ինչպես ենք մենք գերազանցում վրացի ընթերցողների քանակը:

Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման հիմնադիր, Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ՝ Մանուկ Նիգոյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել