Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, բողոքի ցույց էր տեղի ունենում «Ազատություն Քոչարյանին» խորագրով, որը կազմակերպել էր «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»:
Yerevan.today-ը գրում է.
«Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը:
«Այսօր գրեթե 30 տարի անց մենք կրկին հավաքվել ենք, և հավաքվել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար: Ղարաբաղցիները իրենց ղեկավարներին չեն գցում: Միշտ ցույցերի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կանգնել էր մեր կողքին և ելույթ էր ունենում, իսկ հիմա մենք պահանջում ենք անհապաղ նրա ազատ արձակումը: Սա Արցախի ձայնն է և այն պետք է լսելի լինի»,- ասաց Գրիգորի Աֆանասյանը
«30 տարի առաջ մենք հաղթեցինք, որովհետև մենք եղանք միասնական, իսկ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ընդամենը 33 տարեկան էր: Նա չվախեցավ մեծ պատասխանատվությունից և այդ բեռը վերցրեց իր վրա: Ճիշտ է՝ իր կողքին կային մեծ և պատասխանատու մարդիկ, բայց այդ տարիքում վերցնել պատասխանատվությունը, նշանակում է ունենալ տղամարդկություն, կամքի ուժ և սեր ժողովրդի նկատմամբ: Այդ ժամանակ մեզնից ոչ ոք չգիտեր, որ 30 տարի հետո մենք հավաքվելու ենք հրապարակում և պահանջելու ենք ազատություն մեր հերոսին, Արցախի հերոսին: Նա մեր հերոսն է»,- ելույթում ասաց ակցիայի մասնակից Վերա Խաչատրյանը:
«Այսօր մենք ապրում ենք շատ մեծ ցավ: Այստեղ երկար տարիներ ղեկվարել է Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանը: Նա երիտասարդ տարիքում ինչ պաշտոն էլ որ զբաղեցրել է, պատվով է կատարել՝ սկսած արցախյան շարժումից, այն օրերից, երբ մարդիկ հավաքվել և միասնական Հայաստան են կանչել: Հայաստանից են նրան կանչել, որ Հայաստանում նա ղեկավարի և այսօր նա մեր շարքերում չէ: Ես խնդրում եմ անհապաղ ազատել այդ մարդուն, քանի որ թուրքը մի քանի քայլ այն կողմից տեսնում է և ուրախանում, որ իր ազգն է իր հերոսին դատապարտում: Ես խնդրում եմ եկեք մինչև վերջ կանգնենք և մեր պայքարը շարունակենք»,- ասաց ակցիայի մասնակից Ալեքսանդր Հայրապետյանը:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ եթե հարկ լինի անգամ ոտքով Ստեփանակերտից կարող են հասնել Երևան, այդտեղ էլ ցույցեր անել, որպեսզի ազատենք Ռոբերտ Քոչարյանին»: