Ընկերներ ջան,
Երեկ ինֆորմացիոն ֆոնը հագեցած էր, և ցանկություն կա անդրադառնալու մի քանի խնդիրների, բայց կանգ առնեմ մեկի վրա, որտեղ ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվում բարձրագույն պետական մակարդակով՝ Նախիջևանում Ադրբեջանի կողմից դիրքերը առաջ տալու մասին։
Երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը հայտարարեց, որ դիրքային բոլոր տեղաշարժերի 95%-ը տեղի է ունեցալ փետրվար-մարտ ամիսներին (այսինքն՝ իրենից առաջ), և տեղաշարժերը կրել են երկուստեք բնույթ, և մենք էլ որևէ տարածքային կորուստ չենք ունեցել։ Սա իրականության կամայական մեկնաբանության արդյունք է մի քանի կետերով։
ա) Իրականությունն այն է, որ խնդրո առարկա Զանգակատուն-Արենի հատվածում մինչև դիրքային տեղաշարժերը հակառակորդի և մեր միջև միջդիրքային տարածությունը տարբեր հատվածներում կազմել է 3-4 կիլոմետր, հիմա կազմում է 1 կիլոմետրից պակաս, և առաջ է եկել հիմնականում հակառակորդը մեծ ճակատով, մենք 1-2 դիրք ենք միայն առաջ տարել, որոնք սկզբունքային պատկեր չեն փոխել։
բ) Դիրքային տեղաշարժը սկսվել է փետրվար-մարտ ամիսներին, սակայն շարունակվել է հետագա ամիսներին, այս ընթացքում հակառակորդը ամրապնդվել է նոր դիրքերում, նոր ճանապարհային և պաշտպանական ենթակառուցվածքներ է ստեղծել, մեր որոշ (ոչ բոլոր) դիրքերի նկատմամբ գերիշխող դիրք է կարողացել ձևավորել։ Մինչև Դուշանբեի պայմանավորվածությունը մեր բանակն ակտիվ հակազդել է հակառակորդին, որը զգալի կորուստներ է տվել, բայց դրանից հետո հակազդեցությունը թուլացել է, և հակառակորդը կարողացել է ամրապնդվել նոր բնագծում։
գ) Այս տեղաշարժի արդյունքում Զանգակատուն և Արենի գյուղերի հատվածում հակառակորդը կարողացել է ընդհուպ մոտենալ մեր հիմնական ռազմավարական ճանապարհին, և նաև այս երկու բնակավայրերի գյուղատնտեսական տարածքների մի մասին, որոնց մշակումը հիմա վտանգավոր է դարձել։ Զանգակատան դեպքում կառավարությունը նույնիսկ որոշում է ընդունել փոխհատուցել կրած կորուստները․ դա ևս մեկ անգամ վկայում է, որ դրանք իրական են։
Մենք նախկինում անդրադարձել ենք այս խնդրին, և ես այն նորից չէի բացի, եթե երկրի արդեն փաստացի ընտրված ղեկավարը չշարունակեր համառորեն խուսափել պատասխանատվությունից եղածի համար։ Սա ինձ արդեն մանկական հիվանդություն է հիշեցնում․ փոխանակ ընդունելու խնդիրը, համարժեք պատասխանատվություն վերցնելու դրա համար, լուծումներ առաջարկելու (և նաև իրականացնելու)՝ պարբերաբար փորձ է կատարվում խեղաթյուրել այդ խնդիրների էությունը, պատասխանատվությունը բարդել նախորդների վրա, և խուսափել որևէ գործողությունից։ Եթե նույնիսկ նախորդներն են մեղավոր կոնկրետ այս խնդրի համար, դա չի վերացնում ներկա իշխանության պատասխանատվությունը լուծել այն, չէ՞ որ այն եկել է իշխանության նախորդների ստեղծած խնդիրները լուծելու գրանդիոզ խոստումով, բայց հիմա, բախվելով դրանց, փորձում է պարբերաբար խուսափել պատասխանատվությունից։
Ես համոզված եմ, որ մեր բանակը գիտի, թե ինչ է պետք անել, նախկինում նույն սահմանի հարավային հատվածում այն այդպիսի նախաձեռնող գործողություն իրականացրել է, և հիմա էլ կարող է հակառակորդին հետ շպրտել նրա ձեռք բերած ռազմավարական բնագծից։ Դա, սակայն, պահանջելու է խիզախ քաղաքական որոշում ներկայիս խեղաթյուրումների և արդարացումների փոխարեն, և ես կուզենայի դեռ տեսնել այդպիսի վճռականություն արտաքին ճակատում։
ՀԳ․ Թերահավատների համար կցում եմ Արմեն Մինասյանի՝ նախկինում արած տեսագրությունը, որը հստակ ներկայացնում է, թե Արենիի մոտ դիրքային փոփոխությունների արդյունքում ինչ է տեղի ունեցել։