Ենթադրում եմ, որ շատերդ վրդովված եք Բելառուսի ցմահ առաջնորդի գռեհիկ արտահայտություններից։ Անկեղծ ասած՝ ինձ էլ է շատ տհաճ, ես կուզեի, որ երկրիս մասին շատ ավելի հարգալից խոսեն, ու երկրի ղեկավարի պատիվը նաև իմ անձնական պատիվն է։
Սակայն եթե վերանանք այս իրավիճակի արտաքին բեմականացված տարրերից, իրականությունն այն է, որ հիմնականում ինքներս ենք մեղավոր։ Երբ մենք Բելառուսին դժգոհություն ենք հայտնում Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ, պետք է մեզ հարց տանք՝ ինչի վրա է հիմնված այդ դժգոհությունը։ Մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը պնդում է, որ Բելառուսը մեր դաշնակիցն է, սակայն մեր հակառակորդին զենք է վաճառում, և դրա հիման վրա մունաթ է գալիս, սակայն՝
ա) իրականում Բելառուսը մեր դաշնակիցը չէ, այլ, լավագույն դեպքում, Ռուսաստանի (դա էլ կիսատ-պռատ՝ դատելով իրենց մեջ պարբերաբար տեղի ունեցող սրացումներից),
բ) Բելառուսի արտահանման զգալի մասը մեքենաշինական, մասնավորապես ռազմաարդյունաբերական արտադրանք է, և նա, իր սեփական ազգային շահերից ելնելով, կվաճառի այն ցանկացած երկրի, որը պատրաստ է վճարել՝ ներառյալ մեզ, եթե դիմենք (սակայն չենք դիմել),
գ) Բելառուսին Ադրբեջանի հետ կապում են տարատեսակ տնտեսական և քաղաքական կապեր, ու դա էլ Ադրբեջանի շնորհքն է, որ այդ կապերը զարգացրել է մեզնից շատ ավելի արդյունավետ,
դ) Մենք ինքներս Բելառուսի հետ վաղուց կարող էինք նախաձեռնել համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր, սակայն չենք նախաձեռնել, որովհետև երկար տարիներ համարել ենք, որ մեզ ռազմարդյունաբերություն պետք չէ,
ե) Մենք ընդհանրապես կարող էինք զարգացնել մեր ռազմարդյունաբերությունը և առանձնապես չմտահոգվեինք, որ Բելառուսն Ադրբեջանին Պոլոնեզ է վաճառել, որովհետև ինքներս դրանից ավելի հզոր սպառազինություն կարող ենք արտադրել, սակայն չենք արել։
Այս կոպիտ պատասխանը, որքանով էլ տհաճ, հիշեցնում է մի պարզ բան՝ եթե ցանկանում ես, որ հետդ հաշվի նստեն, պետք է գործ անես և արդյունք ստեղծես, իսկ ներքաղաքական օգտագործման համար նախատեսված բարձրագոչ հռետորաբանությունը պետք չէ տեղափոխել միջպետական հարաբերությունների դաշտ, լավագույն դեպքում կարող ես ծաղրի առարկա դառնալ, իսկ վատթարագույն դեպքում կարող ես նաև իրական կորուստներ կրել․ այս ամենը խաղ ու պար չէ։ Եվ ընդհանրապես, պետք չէ գրգռել սպիտակ արջին, եթե հրացանիդ մեջ փամփուշտ չկա, կարող ես ինքդ որս դառնալ, այլապես բոլորիդ ցանկանում եմ դրական շաբաթ, առանց սպիտակ արջերի և այլ փորձությունների։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10158748971832524&set=a.10150624611762524&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել