Ինչպե՞ս է լինում, որ իրենից տառացիորեն ոչինչ չներկայացնող մարդը զբաղեցնում է բավականին լուրջ պաշտոն: Սա դեռևս 90-ականների տենդենց է, և դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Ի դեպ այս` իրենցից քիչ բան ներկայացնող պաշտոնյաների թիվը Հայաստանում բավականին մեծ է, բայց «բարեբախտաբար» իրենց շուրջ անընդհատ սենսացիաներ ստեղծողների թիվն այնքան էլ մեծ չէ: Մարդիկ գիտեն, հասկանում են իրենց ցածրակարգությունը, ուստի հարկ են համարում հնարավորինս զգույշ լինել իրենց գործողություններում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը բավականին բուռն է արձագանքում ամենատարրական թերացմանը` դրանով իսկ կարևորագույն երանգ հաղորդելով կատարվածին: Վերջին մեկ - երկու օրվա` հասարակության մեջ բուռն հետաքրքրություն առաջացրած, իրենից ևս որևէ էական (ի պաշտոնե) բան չներկայացնող մի պաշտոնյա էլ Սուրեն Խաչատրյանն է, նույն ինքը` Լիսկան: Այն, որ նա արդեն էքս պաշտոնյա է, դա փաստ է, բայց ինչո՞ւ դանակը հասներ ոսկորին, ինչո՞ւ բանը բանից անցներ: Պարտադիր զոհե՞ր էին պահանջվում: Այս մարդը բնույթով կրիմինալ է, տարիներ շարունակ լսում ենք նրա ու նրան մոտ կանգնած մարդկանց հանցավոր գործերից: Նման մարդը ոչ միայն ազատության մեջ գտնվելու, այլև ընդհանրապես որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունք պիտի չունենար, սակայն իրականությունը այլ բան է վկայում:  Բայց այս անգամ էլ կարելի է ցուցաբերել որոշակի հանդուրժողականություն և կատարվածն ընդունել «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով: Վերջին ժամանակներս տարբեր պատճառներով պաշտոնանկ եղածների հանգամանքը ինչ-որ տեղ ստիպում է հավատալ, որ դեռ ամեն բան կորած չէ, և նման անձանց՝ դաշտից հեռացնելը շարունականան բնույթ կկրի: Լիսկայի` այլևս մարզպետ չլինելու հանգամանքը ես անձամբ համարում եմ «ձեռքբերում» սյունեցիների համար: Ինչ խոսք` պատուհասներից ազատվել է պետք: Թե չէ մարդիկ այլևս համակերպվել էին նրա` հավերժական պաշտոնավարմանն ու դրան հետևող տարբեր տեսակի օրինախախտ գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել