Հոկտեմբերի 13-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկած Vitamin Production-ի նոր՝ Womens Club նախագիծն արդեն դարձել է շատերի սիրելի և սպասված հաղորդումը: Տարբեր իրավիճակներում հայտնված աղջիկները յուրովի են ներկայացնում իրենց առջև դրված պարտականությունները: Ինստագրամից հայտնի դարձած Լիլի Մորտոյի համար այս ժանրը նորություն է, և BlogNews.am-ի հետ զրույցում Լիլին ասաց, որ այն իր անձի վրա դրական կերպով է անդրադարձել:
«Երբ նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը և Չարենցն առաջարկեցին ինձ մասնակցություն ունենալ նախագծում, միանգամից համաձայնվեցի, քանի որ ինձ միանգամից տեսա այդ ժանրում: Չէի մտածում, որ դժվարություններ կլինեն, քանի որ երբ ինձ ինչ-որ բանում տեսնում եմ, որքան էլ դժվար լինի, ես, միանշանակ, կհաղթահարեմ: Ինչ վերաբերում է մարդկանց ծիծաղեցնելուն, բնականաբար, բարդ է, բայց թիմային աշխատանքի արդյունքում հանդիսատեսը միշտ ստանում է հումորի իր չափաբաժինը»,-պատմում է Լիլին։
Տարածված կարծիք կա, որ հանդիսատեսը գնում է Լիլին նայելու համար, ինչպես նաև ասում են՝ Լիլին շատ ավելի լավ է խաղում, քան նախագծի մյուս դերասանուհիները: Այս լուրերը նաև Լիլիի ականջին են հասել. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր դերասան այս նախագծում ունի իր հանդիսատեսը: Ինչ վերաբերում է նրան, որ ասում են՝ ես դերասան չեմ, բայց ինձ մոտ լավ է ստացվում, ասեմ՝ իհարկե, աշխատելու տեղ միշտ էլ կա, բայց ես կասկած չունեմ, որ ինձ մոտ լավ է ստացվում: Երբ էկրանից նայում եմ ինձ, ուզում եմ անդադար նայել»:
Լիլիին միշտ բաժին են հասնում ամենաէրոտիկ, երբեմն հիմարիկ շիկահերի կերպարներ․ «Սցենարիստները գրում են այնպիսի հումորներ, որոնք համապատասխան են հենց քեզ, որոնք կարող ես կերտել միայն դու: Երբ այդպիսի հումորներ են գրում, կարծում եմ՝ մարդիկ ինձ չեն վերագրում, քանի որ որոշակի առումով ինձ ճանաչում են: Այդ ամենին պետք է վերաբերվել որպես հումորի, պարզապես վատն այն է, որ մարդիկ հաճախ մտածում են՝ եթե տվյալ կերպարում ես, ապա կյանքում էլ ես այդպիսին: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ չես նեղանո՞ւմ, որ քեզ հետ կապված նման հումորներ են անում: Իհարկե ոչ, քանի որ հասկանում եմ, որ դա զուտ հումոր է»:
Մինչ այս Լիլի Մորտոյին մարդիկ ճանաչում էին որպես մոդելի, ով պարզապես Ինստագրամում բաց լուսանկարներ է հրապարակում։ Հարցին՝ արդյո՞ք այժմ Լիլիին այլ տեսանկյունից են դիտարկում, մոդելը պատասխանում է․ «Իմ կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են Ինստագրամից, պարզապես հիմա տեսնում են այլ կերպարում: Այն ժամանակ կարող էին վատ մեկնաբանություններ գրել, բայց հիմա ամեն ինչ փոխվել է, շատ դրական նամակներ եմ ստանում թե՛ նախագծի և թե՛ իմ կերպարի մասին: Անգամ այն մարդիկ, ովքեր նախկինում իմ մասին վատ կարծիք ունեին, գրում են, որ իմ մասին իրենց կարծիքը փոխվել է: Նախագիծը դրական ազդեցություն է ունեցել»:
Ամփոփելով տարին՝ Լիլին նշում է, որ իր համար այն բուռն էր. «Ամեն ինչ սկսվեց «Չէին սպասում» հաղորդումից, հետո՝ ռուսական հաղորդումից, հետո հրավիրեցին Comedy Club, որի վերջաբանը եղավ Womens Club-ը, որն ինձ համար ամենահաջող առաջարկներից է»: