Ընկերներ ջան,
Երևի արդեն գիտեք ընտրությունների արդյունքները։ Շնորհավորելով ընտրության հաղթող երեք կուսակցություններին՝ որոշակի հիասթափություն ունեմ ընդհանուր արդյունքից․ առաջին անգամ մենք կունենանք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդդիմություն, և ընտրված մեծամասնությունն էլ ունի բացարձակ մենիշխանություն։ Սա ժամանակակից ժողովրդավարության պարադոքսն է, որի կիսատ և նաև մանիպուլյատիվ կիրառումը պատերնալիստական հասարակությունում տալիս է կասկածելի և նույն հասարակության երկարաժամկետ շահերին հակասող արդյունք և հետագա անկայունության հիմք է դնում։
Ինչև, վիճակը նետված է։ Մենք այս ընտրություններին աջակցեցինք ՀՅԴ-ին, որը կարող էր այդպիսի ընդդիմություն դառնալ և որը նույնիսկ մոտ էր այդ արդյունքին, սակայն անցյալի տարբեր սխալների բեռը թույլ չտվեց մինչև վերջ շտկել մեջքը և հանդես գալ հասարակության համար թարմ և հատու, գրավիչ նոր ուղերձով։ Այս ընտրություններից հետո մենք արդեն կգնանք մեր սեփական ճանապարհով՝ կառուցելով ժամանակակից ազգային առաջադիմական ուժ և ակնկալում ենք ձեր շատերի անմիջական մասնակցությունը և աջակցությունը։ Մինչ այդ ցանկանում եմ նորից շնորհավորել յուրաքանչյուրիդ կայացած ազատ և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ և ցանկանալ, որ այն մեզ արարման և առաջընթացի ճանապարհ բացի։