Սերժ,

Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: 

Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք, ի դեպ, ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը՝ շուրջ 15 երկիր: 

Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով՝ հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքներն իշխանությունների կողմից: 

Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև՝ քաղաքական: Կարծում եմ՝ ավելի անկեղծ կլիներ քո կողմից՝ կեղծ բարյացկամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը, ի դեպ, հորինվել, ծաղկացվել և տարածվել է այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:

Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրությունից:

Ժամանակն, իհարկե, կբացահայտի իրականությունը։ Հուսով եմ՝ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել