Բոլոր ընկերներս տեղյակ են, կարդացել են Արցախի թեման բացարձակ ցածր հարթության վրա քննարկելու անցանկալիության մասին իմ դիրքորոշումը: Ես հավասարապես մտահոգիչ եմ համարել ոչ միայն այս հարթության վրա մեզ համար ազգային անվտանգության հարց համարվող այդ կարևոր հիմնախնդրի քննարկումը, ինչպես որ մտահոգիչ կհամարեի դրա շուրջ դիսկուրսների բացակայությունը: Հիմնավոր չեմ համարել նաև այս ամիսներին ու մասնավորապես քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը հասցեագրվող մեղադրանքները, թե նրանք Արցախը հանձնող են, հանձնում են, ինչպես որ Դավիթ Շահնազարյանը և ՀՀԿ այլ ներկայացուցչներ հայտարարեցին այս օրերին: Բայց...
Սիրելիներս, ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործիչները անձեռնմխելի են իրենց հայտարարած տեսակետի համար, եթե այն վիրավորանք, զրպարտություն, պետական գաղտնիք չի պարունակում, ու եթե անգամ դրանք ցնցում են հասարակությանը: Կարդալով ԱԱԾ բացատրությունը Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մասին՝ չես կարող չտեսնել, որ դա անհեռանկար գործ է... Եթե անգամ վարչապետը խոսում է Արցախը վտանգող հայտարարությունների համար տվյալ հայտարարության հեղինակներով ԱԱԾ զբաղվելու մասին, գոնե ԱԱԾ-ն պետք է իր բարձունքին գտնվի: Օրինակ՝ Դավիթ Շահնազարյանը կարող է հայտարարել, որ ինքը ոչ թե ապացույցներ ունի, որ նոր իշխանությունը դավադիր համաձայնություն է տվել Արցախը հանձնելու մասին, այլ իր գնահատողական դատողություններն են, ինչի իրավունքն ունի ցանկացած քաղաքական գործիչ: Ի վերջո, անցած տարիներին Արցախը հանձնելու մեջ իշխանություններին շատ ավելի բաց մեղադրել են շատ քաղաքական գործիչներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ շատ տարիներ առաջ Իջևանում հայտարարեց՝ «Ղարաբաղը տված-պրծած է», ՀՀ բազում քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ՝ Սերժ Սարգսյանին, Սասնա ծռերը և այլն, և այլն: Այս գործելաոճի դեպքում միջազգային ու անկախ գնահատականներում նոր իշխանությունները շահեկանորեն չեն առանձնացվելու նախկին իշխանություններից, որոնք այդ հայտարարություններին այսպես չեն արձագանքել: Ցավով եմ ասում: Եւ դա ՀՀԿ հետապնդած նպատակներից է՝ ապացուցել, որ բոլոր բնագավառներում նոր իշխանությունն ավելի վատն է, քան իրենք: Ինչո՞ւ եք օգնում, որ ՀՀԿ-ն հասնի այս նպատակին: Միջազգային դիտորդների զեկույցներում, կասկած չունենաք, որ նախընտրական այս անառողջ մթնոլորտը, որը հանուն արդարության սադրում են ՀՀԿ-ականները, արտացոլվելու է: Ուզում եմ մի հատ էլ գրեն, ու իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում նրանց իրենց հայտնած կարծիքի համար: Մրցակցի քաղաքական հռետորաբանությանը պատասխանում են քաղաքական մեթոդներով: Այն խնդիրը, որ հարուցեց ՀՀԿ-ն ընտրարշավում, անլուծելի չէ, ու սա միակ եղանակը չէ: Սա արդեն անփորձություն չէ, սա ուղղակի ոչ պրոֆեսիոնալիզմ է, ու տարիներ էլ անցնեն, անփորձությունը պրոֆեսիոնալիզմի չի վերածվելու, կամ ձեռքբերված փորձառությունը նույնական չի լինելու պրոֆեսիոնալիզմի հետ: Դա արդեն դառնում է պրոֆեսիոնալ անփորձություն...
Չեմ հասկանում, թե ինչով են մտածում...
ՀԳ. Ասվածն ամենևին Դավիթ Շահնազարյանի տեսակետների արդարացում չէ. ես այն առաջ էլ եմ հիմնազուրկ համարել, այժմ էլ:
Կից նյութն՝ այստեղ։