Արմեն Աշոտյանին տեղափոխելու են դատարան, այս անգամ ավելի աբսուրդ մեղադրանք են առաջադրել, միտումը հրապարակային խոսքը լռեցնելն է: Այս մասին Քնաչական կոմիտեի բակում լրագրողներին ասել է փաստատան Ռուբեն Մելիքյանը:
«Մեզ իհարկե նախաքննական գաղտնիքով կաշկանդել է նախաքննական մարմինը, բայց մեղադրանքը ներկայացվեց, հարցաքննությունը իրականացվեց, ընդամենը մի համեմատություն կանցկացնեմ՝ էլ ավելի աբսուրդային մեղադրանք է, որևէ ապօրինություն Արմեն Աշոտյանը չի կատարել այս վարույթի հետ կապված և առհասարակ, երբ նախաքննական գաղտնիքով կաշկանդված չենք լինի, շատ ավելի դետալացված կխոսենք: Հանրապետական կուսակցությունը ճիշտ է՝ չի մասնակցում ընտրություններին, բայց նույն Արմեն Աշոտյանը շատ ակտիվորեն իր հրապարակային գործունեությունն էր ծավալում, երեկ գիշեր էլ Էդուարդ Շարմազանովի հետ մեկնաբանում էր ուղիղ եթերը, այսօր նույնպես մտադիր էր նմանաբնույթ քաղաքական գործունեություն իրականացնել, և այդ ամենը խոչընդոտվեց»,- նշել է Մելիքյանը:
Անդրադառնալով ՔԿ-ի կողմից ներկայացված թվային տվյալներին՝ Մելիքյանը շեշտեց՝ այդ մասով Արմեն Աշոտյանի հետ կապված ուղիղ առնչություն գոյություն չունի:
«Սա բացարձակ քաղաքական որոշում ու հետապնդում է, ենթադրաբար՝ հաշվի առնելով երեկվա խայտառակությունը, որը մենք տեսանք Հանրայինի եթերում։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա խոսքը վերաբերում է տևական ժամանակ առաջ կատարված ենթադրյալ գործողություններին, որտեղ Արմեն Աշոտյանի մասնակցությունը ուղղակի զրոյական է, չեմ էլ ուզում գնահատեմ այդ գործողությունները իրավաչափ էին, թե ոչ, Արմեն Աշոտյանի մասնակցությունը այստեղ պարզապես չկա»:
Եզրափակելով իր խոսքը՝ Մելիքյանը հավելեց, որ Արմեն Աշոտյանի կողմից ուզում է ամենակարևոր ուղերձը քաղաքացիներին հղել այն մասին, որ ամսի 7-ին գնան քվեարկության և նրանց չընկճի ռեպրեսիաների ալիքը:
Հիշեցնենք, որ այօսր ձերբակալել են Արմեն Աշոտյանին:



