Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին սպառնացել է ոչնչացնել ուկրաինական բանակը 27 րոպեում:
Ինչպես նկատում է «Обозреватель» պարբերականը, այս տարվա սեպտեմբերի սկզբին Ժիրինովսկին հայտարարել էր, որ դրա համար Ռուսաստանին բավական է 5 րոպեն:
«Հիտլերը ստեղծեց «Գալիչինա» դիվիզիան: Որքա՞ն այն պատերազմեց, երբ բախվեց խորհրդային բանակի հետ: 27 րոպե: Վե՛րջ: Իսկ (Ուկրաինայի ՆԳ նախարար) Ավակովն ու մյուս նախարարները (Ուկրաինայի նախագահ Պյոտր) Պորոշենկոյի հարցին, թե երբ կավարտվի պատերազմը, ասում են՝ «երեք օր»: Ի՞նչ երեք օր: 27 րոպե, և ոչինչ չի մնա այդ ուկրաինական բանակից»,- ասել է Ժիրինովսկին:
Բացի այդ՝ ռուս քաղաքական գործիչը նկատել է, որ, ռազմական դրություն սահմանելով, Ուկրաինան փաստացի պատերազմով է սպառնում ՌԴ-ին:
«Փաստացի սա ներքին մոբիլիզացիայի սկիզբ է: Երբ ռուս ցարը մոբիլիզացիա հայտարարեց, գերմանացի կայսրն ասաց․ «Չեղարկե՛ք մոբիլիզացիան»: Չչեղարկեցին, նա պատերազմ հայտարարեց: Ահա և մենք հիմա պետք է պահանջենք չեղարկել մոբիլիզացիան Ուկրաինայում, որովհետև մենք կոչնչացնենք ուկրաինական ԶՈւ-ն»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:
Միջադեպից մեկ օր անց Ուկրաինայում 30 օրով սահմանվել է ռազմական դրություն: