Քանի որ, ինչպես երևում է, «ասֆալտին փռելը» մեր կուսակցություններից մեկի կարևոր սպառնալիքն է դառնում, նույնիսկ այս նախընտրական քարոզարշավի յուրահատուկ բրենդի է նմանվում, թվում է, որ կա՛մ ասֆալտը Հայաստանում պիտի պատշաճ վիճակի բերվի, կա՛մ ասֆալտին փռելու թեկնածուները պիտի նվազեցվեն, թե չէ բազմաթիվ գյուղական բնակավայրեր ունենք, որոնք սեփական ասֆալտապատ ճանապարհ չունեն, հետն էլ չափազանց հեռու են ասֆալտապատ ճանապարհներից: Այդ բնակավայրերից «ասֆալտին փռելու» թեկնածուներին հո չեն տանելու 10-50 կմ հեռավորությամբ ասֆալտապատ ճանապարհներ: Ավելի հեշտ կլինի նախ՝ ասֆալտ փռել, հետո նոր՝ ասֆալտին փռել: Սրանից կարող է բխել նաև, որ ասֆալտ փռելու ընթացքում կնվազի ասֆալտին փռվողների թիվը, ինչի հետևանքով կնվազի «ասֆալտին փռելու» սպառնալիքը: Չի բացառվում նաև, որ ասֆալտ փռելու ընթացքում փոխվեն «ասֆալտին փռվելու» թեկնածուները: Ասֆալտ փռելը «ասֆալտին փռվելուներին» որոշելու հայտնի ձևերից մեկն է: Ասֆալտ փռողները հաճախ են դառնում ասֆալտին փռվելու թեկնածուներ: Արդյունքում գոնե Հայաստանի ճանապարհների ասֆալտապատումը կշահի, շուկայի հետ գյուղացիների կապը կլավանա, մեքենաները պակաս ջարդուփշուր կլինեն: Այո՛, ինչպես երևում է, ասֆալտին փռելը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական էֆեկտ կունենա: Միայն թե, ի սեր Աստծու, նախ՝ ասֆալտ փռելը, հետո՝ ասֆալտին փռելը: Միայն թե չասեք, որ մինչև ասֆալտին չփռեք, ասֆալտը չի փռվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: