Ինձ չի հետաքրքրում երեկվա երթը մարդաշատ էր թե՞ ոչ։ Եվ դա ամենևին չի վկայում այն մասին, որ Նիկոլի վարկանիշն ընկել է թե՞ ոչ: Կոնկրետ ինձ համար վարկանիշի միակ ցուցանիշը կլինի ընտրությունների արդյունքը, որը սարերի ետևում չէ: Մնացած ամեն ինչ՝ սոցհարցման արդյունքները, երթի մասնակիցների քանակը, տաքսիստների եւ վարսավիրանոցների խոսակցությունները ՖՈՒՖԼՈ են: Բայց ինձ համար կարևոր է այն, թե ինչ է մեզ սպասում նախընտրական պայքարի ժամանակ: Ի՞նչ են խոսելու քաղաքական ուժերը եւ, ամենակարևորը ի՞նչ են անելու ընտրություններից հետո: Եվ այդ առումով շատ կարևոր են հատկապես «Իմ քայլը» դաշինքի գործողությունները (քանի որ չեմ կասկածում, որ հենց այս ուժն է լինելու ապագա իշխանությունը): Տղերք, խնդրում եմ, չկրկնեք անցած բոլոր իշխանությունների սխալները: Աշխատեք ոչ թե PR-ի, այլ արդյունքի համար: Հավատացեք արդյունք լինի, PR-ն ավտոմատ կլինի եւ անիմաստ արհեստական PR-ի կարիք էլ չի լինի: Երբեք չմտածեք, որ բոլոր ձեր քննադատները՝ դուշման են: Դա կործանարար է եւ կլինի ձեր վերջի սկիզբը: Ուշադիր լսեք բոլոր քննադատությունները եւ փորձեք «թացը չորից» տարանջատել: Փորձեք հստակ ձևակերպել տնտեսության զարգացման ուղիներն ու գործիքակազմը (մի ֆիքսվեք միայն կոռուպցիայի դեմ պայքարի վրա՝ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է ): Եվ վերջապես, մի վախեցեք ոչ պոպուլյար որոշումներ կայացնելուց: Որովհետև ձեր պայքարը եղել է նաև համընդհանուր անարդարության դեմ, որպեսզի բոլորն օրենքի առաջ հավասար լինեն: Բայց, օրինակ, այն ինչ այսօր կատարվում է Երևանի եւ Հայաստանի փողոցներում (երթևեկություն, փողոցային առևտուր եւ այլն) կարելի է ձևակերպել հետեւյալ կերպ. ԱՅՈ ԱՅՍՕՐ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ... ԲԱՅՑ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ: Մի վախեցեք պատժել նաեւ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ հպարտ, բայց ոչ օրինապաշտ քաղաքացիներին, որովհետեւ ամենաթողությունը բերում է բառդակի:
Ինչեւէ, բոլորին մաղթումն եմ հաջողություն, քաջ գիտակցելով, որ քչերին կհաջողվի հաղթահարել անցողիկ շեմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: