Ջոն Բոլթոնի երևանյան այցից հետո Հայաստանի շուրջ բավականին մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Նախ՝ Ն. Փաշինյանի կողմից անպատասխան թողած Բոլթոնի՝ «դե ֆակտո Իրանի հետ սահմանը կարող է փակվել» հայտարարությունից հետո Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ ստորագրեց մի պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը ստորագրող կողմերի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությանն էր վերաբերում: Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին ձգտում Իրանից նման ստորագրություն ստանալ, ինչը, կարծում եմ, հասկանալի է. Արցախի հետագա կարգավիճակն այս պայմանագրում ձևակերպված է: Բոլթոնի` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հարցն օրակարգ բերելու կարծիք-հրահանգը Ն. Փաշինյանին նույնպես լուրջ քննարկման առարկա դարձավ թե´ մեզանում և թե՛ Մինսկի խմբի անդամ երկրների քաղաքական շրջանակներում: Իսկ մինչ այդ ՀԱՊԿ-ում արդեն հասցրել էինք մեր դիվանագիտական տգիտության պատճառով խնդիրներ ստեղծել կառույցի ներսում` այդ քայլով լրջորեն ստվերելով կառույցի միջազգային հեղինակությունը: Ղազախստանն ու Բելառուսը երբեք չեն թաքցրել իրենց ռազմավարական լուրջ գործընկերային հարաբերությունները ՀԱՊԿ անդամ չհանդիսացող (առայժմ) Ադրբեջանի հետ, և բնական է, որ նրանք պետք է օգտվեին ստեղծված իրավիճակից, ինչն Ադրբեջանի հետ համագործակցաբար իրականացնում են «սրբորեն» (Լուկաշենկոյի ձևակերպումն է):

Ակնհայտ է, որ Ն. Փաշինյանի և այդ կառույցում եղանակ ստեղծող որոշ առանցքային դերակատարների հետ հարաբերությունները, մեղմ ասած, գործընկերային չէ: Լուկաշենկո-Փաշինյան` միմյանց հասցեին տրված գնահատականները դուրս են դիվանագիտական արարողակարգի սահմաններից: ՆերՀԱՊԿային մթնոլորտի իրական արտացոլումն է նաև այն, որ ՀԱՊԿ պայմանագրի հոդված 17-ի համաձայն՝ Հայաստանին հասանելիք քվոտան կառույցի Գլխավոր քարտուղարի հարցում, կարծում եմ, արդեն, կոպիտ ասած, խլել են մեզանից: Ի դեպ, ՀԱՊԿ կանոնադրության 20 հոդվածը նախատեսում է նաև այդ կառույցից անդամ-երկրին հեռացնելու ընթացակարգը… Առավել ևս, որ Ադրբեջանն արդեն ՀԱՊԿ-ի մատույցներում է…

Գուցե Ն. Փաշինյանն անկեղծ չէ՞ր, երբ իշխանություն ձեռք բերելու նպատակով հաշված օրերի ընթացքում հասարակությանը փորձեց համոզել, որ արմատապես փոխել է իր ծրագրային-քաղաքական դիրքորոշումները և ոգևորված սկսեց դիֆերամբներ ձոնել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի և անձամբ Վ. Պուտինի հասցեին՝ մինչ այդ այդ կառույցների և ՌԴ-ի հետ հարաբերությունները դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտներ:

Եվ հարց է` Բոլթոնի այցը ընդամենը զուգադիպեց այս վտանգավոր զարգացումների՞ն, թե՞…

Ի դեպ, Ջոն Բոլթոնն ԱՄՆ նախկին փոխնախագահ Չեյնիի հետ կարողացավ կրտսեր Բուշի օրոք սանձազերծել Մերձավոր Արևելքում արյունածոր վերքի վերաճած հեղափոխությունների շղթան, ինչը դարձավ 21-րդ դարի հիմնական արհավիրքներից մեկը… Նրանք փնտրում և հիմնական գտնում են այդ ազդեցության գործակալներին, որոնց միջոցով իրականացնում են իրենց ծրագրերը: Եվ գուցե Բոլթոնն արդեն բանաձևել է հանձնարարականը․ Նիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը՝ սխա՞լ․․․

Եվ ուրեմն՝ ի գո՞րծ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել