Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության հետ, որը նոյեմբերի 17-ից քաղաքապետի հրավերով գտնվում է Երևանում, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև ստորագրվելիք գործողությունների ծրագիրը կդառնա աշխատանքային ուղեցույց՝ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Երևանի քաղաքապետը կարևորել է Իլ դը Ֆրանսի առաջադեմ փորձը մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման ոլորտներում և նշել, որ համագործակցության շրջանակում հնարավոր կդառնա հաջողված փորձը կիրառել նաև Երևանում:

«Ստորագրվող գործողությունների ծրագրում ընդգրկված են Երևանի համար անչափ կարևոր երկու ոլորտներ, մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման մասին է խոսքը, որոնց բարելավման ուղղությամբ մենք պետք է համալիր մոտեցում ցուցաբերենք: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդեն առաջիկայում կկարողանանք կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է Հայկ Մարությանը:

Վալերի Պեկրեսն իր հերթին ընդգծել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար: Նա վստահեցրել է, որ իր հերթին կանի հնարավոր ամեն ինչ՝ նախատեսված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելու համար:  

«Պարոն քաղաքապետ, դուք հեղափոխություն իրականացրեցիք քաղաքական դաշտում, մենք այսօր հեղափոխություն ենք իրականացնում տրանսպորտի համակարգի բարելավման ուղղությամբ: Համոզված եղեք, որ համատեղ աշխատանքով արդյունավետ լուծումներ կգտնենք մեր բնակիչների համար»,- նշել է Վալերի Պեկրեսը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել