Radioaurora.am-ը գրում է.

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեւական դադարից հետո այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Սույն գործով մեղադրյալ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի մահից հետո նիստերը չէին կայանում: Նախորդ նիստին Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդել էր դատարան հրավիրել Խանդոյանի կնոջը՝ նրա դիրքորոշումը լսելու, գործի քննությունը նրա մասով շարունակելու վերաբերյալ, ինչպես նաեւ նա միջնորդել էր՝ եթե գործի քննությունը դատարանը շարունակի, ապա Խանդոյանի կինը պետք է ներգրավվի որպես նրա իրավահաջորդ:

Armtimes.com-ը հաղորդում է, որ Արայիկ խանդոյանի կինը դիրքորոշում հայտնեց, որ ծռերը ոչ թե պետք է համաներվեն, այլ արդարացվեն:

Երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն էլ հայտարարեց, որ ինքը սխալ բան չի արել, որ որեւէ մեկն իրեն ների: «Կամ ներողն ո՞վ է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը»,- հարց բարձրացրեց Բարսեղյանն, ապա շարունակելով՝ նշեց, որ Փաշինյանը պաշտոնների է նշանակում ոչ մաքուր անցյալ ունեցող անձանց: Դատավորի հարցին՝ ի վերջո Բարսեղյանը կո՞ղմ է համաներմանը, թե՞ դեմ, վերջինս կտրուկ պատասխանեց. «Թքած ունեմ»: Տեւական դադարից հետո Բարսեղյանը չառարկեց համաներման դեմ: Համաներման դեմ չառարկեցին նաեւ Սեդրակ Նազարյանն ու Էդվարդ Գրիգորյանը:

Նշենք, որ գործով տուժողներն ու ենթադրյալ պատանդառուները դեռեւս դիրքորոշում չեն հայտնել համաներման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել