Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով: Համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունց) հեղինակային մեկնաբանությամբ ծրագրում կներկայացվեն համաշխարհային ջազի դասական գործեր, ինչպես նաև Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կարվարենցի, Արմեն և Լևոն Մերաբովների երգերը: Դրանց հիմքում Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի, Մարիամ Մերաբովայի բանաստեղծություններն են: Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև «Miraif» նախագծի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: Համերագային ծրագրում մասնակցություն կունենա նաև Լևոն Մերաբովը: Ավագ սերնդին նա հայտնի է «Робот» (Ալլա Պուգաչովա), «Домовой» (Կլավդիա Շուլժենկո), «Пятое время года» (Մուսլիմ Մագոմաև) երգերով: Խորհրդային տարիներին Լևոն Մերաբովը 10 տարի ղեկավարել է Մագոմաևի ջազային նվագախումբը:

Հավելենք, որ «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագիրը հեղինակային երգի և համաշխարհային հիթերի, սովետական երգի ոսկե ֆոնդի սիրված մեղեդիների, ինչպես նաև հոլիվուդյան հիթերի համադրությունն է:

Մարիամ Մերաբովան ունի խորը թավշյա ձայն, որի շնորհիվ կարողանում է կատարել ցանկացած ոճի երաժշտություն: Նրա երկրպագուների համար մեծ բացահայտում էր այն, թե ինչպես է Մերաբովան ինքնատիպ ձևով և ոճով կատարում սովետական էստրադային երգեր: Մերաբովայի տաղանդի բազմակողմանիության շնորհիվ երգչուհին ունի վառ երգացանկ, որը կներկայացվի Երևանում «100 երջանկության ժամ» ծրագրի ընթացքում:

44067920_1877363859015359_3337392075225169920_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել