Հայաստանի քաղաքական կյանքն իսկապես բացառիկ է, իսկ քաղաքական գործունեությամբ զբաղվող որոշ ուժերի և անհատների գործելակերպն ու հավակնությունները՝ ապշեցուցիչ:
Ընդամենը վեց ամիս առաջ իշխանությունից հեռացված քաղաքական ուժն այսօր հավակնություն է դրսևորում դառնալու երկրորդ քաղաքական միավորը խորհրդարանում և իրական այլընտրանք ժողովրդի վստահության հիման վրա իշխանության եկած քաղաքական ուժին:
Գոնե իմ պատկերացմամբ ցանկացած իշխանության այլընտրանք հանդիսացող ընդդիմադիր քաղաքական ուժը վաղվա իշխանությունն է:
Քաղաքակիրթ ու զարգացած երկրներում երբեմն ընդդիմությունն է թելադրում երկրի քաղաքական օրակարգը, և իշխանությունը հարկադրված պաշտպանվում է ու տեղավորվում այդ օրակարգի պատերից ներս: Սա նույնն է, թե Վրաստանում Սահակաշվիլու իշխանությանն այլընտրանք դառնար հեռացված նախագահ Շվարդնաձեի կուսակցությունը կամ Ուկրաինայում Պորոշենկոյի իշխանության այլընտրանքը լիներ հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների» կուսակցությունը:
Եկեք անկեղծ լինենք, եթե Հայաստանում իրականություն դառնա այդ սցենարը, և Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը դառնա երեկվա հեռացված քաղաքական ուժը կամ նրա սատելիտ ուժերը, ապա դա մեծագույն ապտակ կլինի մեր ժողովրդին:
Ինչ խոսք, իշխանությունն ավելի ուժեղ կլինի, եթե ունենա ուժեղ ընդդիմություն:
Բայց երկիրը կրախի առաջ կանգնեցրած քաղաքական ուժը թեկուզ բարոյական տեսանկյունից չպետք է ունենա այդպիսի հավակնություն, ավելին՝ գոնե առաջիկա տարիներին պետք է լռի՝ համարելով, որ այն ապաշխարելու ամենպատվաբեր տարբերակն է:
Ժամանակը և հանգամանքները կստեղծեն այսօրվա իշխանության իրական այլընտրանքը:
Եվ եթե մեր ժողովուրդն իսկապես ցանկանում է կառուցել իր երազանքի Հայաստանը և փակել վերջին տարիների մղձավանջի դուռը, ուրեմն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ոչ մի ձայն չպետք է ստանան այն ուժերը, ովքեր մեր երկիրը հասցրել են այս վիճակին…