Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որ ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր, ուր գնում եմ, մոտավորապես այս կարգի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ, և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց, ցավոք, այն ամբողջությամբ չենք օգտագործել մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել