Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Փրոդաքշնը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն` Yerevan Jazz Fest 2018-ը:

Yerevan Jazz Fest 2018-ը կմեկնարկի նոյեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գրեմմի» 10-ակի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով:

Այս կապակցությամբ այսօր «Մեցցո» երաժշտական ակումբում տեղի ունեցավ երաժիշտ Արթուրո Սանդովալի, Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի, անվանի լրագրող, վերլուծաբան, երաժշտագետ Արմեն Մանուկյանի մամլո ասուլիսը:

2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը, և Yerevan Jazz Fest 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

«Այս տարի որոշել ենք Yerevan Jazz Fest-ը կազմակերպել նաև Գյումրիում, առաջին անգամ՝ Լեռնային Ղարաբաղում, և հույս ունեմ՝ դա արդեն ավանդույթ կդառնա: Շնորհակալ եմ մեր հյուրին, որ համաձայնվեց գալ, մի փոքր բարդ էր: Անցյալ տարվանից մենք բանակցում էինք նրա հետ, և այս տարի կարողացանք հրավիրել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի: 

«Գրեմմի» դափնեկիր Արթուրո Սանդովալը լրագրողների հետ հանդիպմանը շատ անմիջական էր․ հանրաճանաչ շեփորահարը սիգար էր ծխում և վայելում սուրճը: Երևանի մասին էլ դրական արտահայտվեց. «Շատ ուրախ եմ ձեր քաղաքում գտնվելու համար, ավելի շուտ էի ուզում այցելել Հայաստան, ցավոք, չէր ստացվում: Փոքրիկ երկիր է, բայց մեծ մարդկանցով: Հայաստանի կանայք և աղջիկներն այնքան գեղեցիկ են, որ ես որոշել եմ տեղափոխվել այստեղ ապրելու»

Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Yerevan Jazz Fest 2018-ը կուղևորվի Շուշի, որտեղ կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, «Ռաֆայել Պետրոսյան» քառյակի ու «Կարեն Գրիգորյան» քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում:

2018-ին Ջազի հայկական ասոցիացիան, «Մեցցո Փրոդաքշնը» և «Արարատ» լեգենդար կոնյակը կներկայացնեն նոր ձևաչափի համերգ, որը կկայանա նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց շքեղ սրահում՝ հանրահայտ Չայնա Մոսեսի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ:

Փառատոնի շրջանակում մեծ և հաճելի անակնկալ է սպասվում Հայաստանի պետական ջազ նվագախմբին ու հայ հանդիսատեսին: Նոյեմբերի 20-ին՝ փառատոնի փակման գալա համերգին, «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել