Armenpress.am-ը գրում է․

Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և նաև դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից:

 «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ ԱննաՆաղդալյանի հետ` պարզելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը:

 Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը: Ինչպե՞ս է այն իրականացվում:

 ⁃ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) կողմից՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ներկայացմամբ, երեք տարի ժամկետով, այբբենական կարգով: Գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են դեռևս այս տարվա ամռանը Հայաստանի կողմից:

 Ո՞ր երկրներն իրավունք ունեն դիմել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու համար: Ի՞նչ հիմքերով կարող են փոխարինել նրան:

⁃ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրը, սակայն ՀԱՊԿ շրջանակում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:

 Տվյալ երկիրը, որն առաջադրել է գլխավոր քարտուղարին, կարո՞ղ է, արդյոք, ետ կանչելնրան:

⁃ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անդամ պետություններից յուրաքանչյուրը: Հետ կանչել գլխավոր քարտուղարին հնարավոր չէ, քանի որ նա չի հանդիսանում տվյալ երկրի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել