168.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նախաշեմին հայտարարել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից։

«Ժողովուրդը պետք է իմանա, որ կառավարությունը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից»,- ասել է Ռոուհանին, ելույթ ունենալով կառավարության նիստում: Նրա խոսքը հրապարակված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Ռոուհանին նշել է, որ իրանցի ժողովուրդը հաստատակամություն ու տոկունություն կդրսեւորի ամերիկյան պատժամիջոցների դեմ հանդիման, որոնք նա որակել է «ամերիկացիների կողմից կեղեքման» նոր փուլ: Ընդսմին Ռոուհանին չի բացառել, որ ժողովուրդը հաջորդ մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ կունենա, որոնց սրությունը մեղմացնելու համար կառավարությունը կձեռնարկի առկա բոլոր հնարավորությունները:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, դրանց պատճառով ոչ մի նոր բան տեղի չի ունենա:

«Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Վաշինգտոնի տնտեսական եւ հատկապես քաղաքական նպատակներն իրագործել չի հաջողվի: Շատ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն իր տնտեսական խնդիրները կիրագործի պատժամիջոցների հաշվին, իսկ այն բանի հավանականությունը, որ այդ պատժամիջոցների քաղաքական նպատակները կիրագործվեն, ընդհանրապես չկա»,- ասել է Զարիֆը:

Նա նաեւ նշել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդունվել են միջազգային իրավունքի խախտմամբ եւ լուրջ հետեւանքներ կունենան աշխարհակարգի համար: «Վաշինգտոնը խախտում է օրենքը եւ միեւնույն ժամանակ գրոհում նրանց վրա, ովքեր այն պահպանում են»,- հավելել է նախարարը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: Ավելի էական պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նավթի արտահանումը, սպասվում են նոյեմբերի սկզբին: Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել