Հանրային մարդիկ միշտ ուշադրության կենտրոնում են։ Շատերը հատկապես ուշադրություն են դարձնում, թե ինչ տեսք ունեն նրանք առօրյայում, երբ պետք չէ առանձնահատուկ պատրաստվել ինչ-որ երեկույթի: Այս թեմայով BlogNews.am-ը զրուցել ենք դերասանուհի Էրմինա Զախարովայի հետ, ում հեռուստադիտողը ճանաչեց «Ոսկե դպրոց» սիթքոմից:

«Երկու ժամ է ինձ պետք տանից կազմ-պատրաստ դուրս գալու համար: Այդ ընթացքում հասցնում եմ շպարվել և որոշել, թե ինչ պետք է հագնեմ: Ես այն աղջիկներից չեմ, ովքեր նախապես են որոշում, թե ինչ պետք է կրեն։ Ես առավոտյան եմ ընտրում հագուստս, դրա համար էլ պատրաստվելս երկար է տևում»,- նշում է Էրմինան։

Նկարահանումներին գնալիս ևս երկար է նախապատրաստվում, անգամ օրվա ընթացքում մի քանի անգամ է զգեստափոխվում: Դերասանուհին նշեց, թե ինչ կարևոր պարագաներ է իր հետ վերցնում տանից դուրս գալիս. «Հեռախոսի լիցքավորիչ, ինչպես նաև անձեռոցիկ, շպարվելու պարագաներ և օծանելիք: Օրինակ՝ դրամապանակ առհասարակ չի լինում իմ պայուսակի մեջ, քանի որ չեմ օգտագործում, իսկ գումարը պահում եմ հեռախոսիս պատյանի հետևում»:

Խոսելով ոճի և հագուստի նախընտրությունների մասին՝ Էրմինան նշում է, որ հիմնականում սիրում է երկար շրջազգեստներ կրել. «Սիրում եմ համադրել թեթև բլուզների հետ, իսկ ձմեռային բլուզներս պետք է գործվածք լինեն: Հեշտ եմ հագուստ ընտրում, երկար զգեստներ կարող եմ գնել, կիպ հագուստ չեմ սիրում առհասարակ: Տաբատներ ևս չեմ հագնում, ես միշտ շրջազգեստով եմ: Իմ արտաքինին շատ համապատասխանում են բաց երկնագույնը և բաց վարդագույնը»:  

Դերասանուհին խոստովանում է, որ հագուստամոլ չէ և ամբողջ գումարը չի ծախսում հագուստի վրա. «Փորձում եմ գումարս ծախսել ավելի հետաքրքիր բաների վրա՝ ինչ-որ ժամանցային վայրեր այցելելով»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել