Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը վերջին ժամանակներս հայտնվել է շատերի ուշադրության կենտրոնում նաև Սիրիայի «պատճառով»: Ստամբուլում հոկտեմբերի 27-ին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ գագաթնաժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն էին՝ ինչպե՞ս ապահովել խաղաղ կարգավորումը Սիրիայում, ինչպե՞ս լուծել փախստականների խնդիրը, ինչպե՞ս վերականգնել սիրիական տնտեսությունը, ինչպե՞ս վերականգնել երկրի ինքնիշխանությունը: Գլխավոր նպատակներից էր «կոնֆլիկտի քաղաքական կարգավորման նոր բանաձև» մշակելը։ Այս բանակցությունների առանձնահատկությունն այն էր, որ քառակողմ ձևաչափով Սիրիայի հարցով առաջին հանդիպումն էր: Հարկ է հիշել, որ գոյություն ունի կարգավորման երկու ձևաչափ. մեկը՝ Աստանայի խումբն է (Ռուսաստան, Թուրքիա, Իրան), իսկ մյուսը՝ այսպես կոչված «փոքր խումբը», որի մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան: Ստամբուլի գագաթնաժողովում ներկայացված չէր Աստանայի բանակցային գործընթացում Սիրիայի ապագայի որոշման կարևոր մասնակից Իրանը: ԱՄՆ-ը ևս հրավիրված չէր, չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան ղեկավարության ներքո է գործում հակաահաբեկչական կոալիցիան («փոքր խումբ»): Քանի որ Թեհրանը և Վաշինգտոնը արմատապես տարբերվում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց մոտեցմամբ, նրանց բացակայությունը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ նրանց համատեղ ներկայությունը պայմանավորվածությունների ձեռքբերումը ձախողման սպառնալիքի տակ կդներ: Այնուամենայնիվ, կարելի է համարել, որ ԱՄՆ տեսակետը ներկայացրեց Ֆրանսիան, իսկ Իրանինը`մասամբ Ռուսաստանը: Նշենք նաև, որ Մերկելն առաջին անգամ էր մասնակցում Սիրիայի հարցով գագաթնաժողովի։ Գերմանիան երկար ժամանակ խնդրի լուծման գործում դերակատարություն չի ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ Սիրիայից զգալիորեն ավելի շատ փախստականներ է ընդունել, քան Եվրամիության մյուս անդամները։ 

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը նշել է, որ գագաթնաժողովին Գերմանիայի կառավարության նպատակն է «հնարավորինս նպաստել Սիրիայում կայունացման գործընթացին»:
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Ստամբուլի գագաթնաժողովին մասնակցությունը կապել է հումանիտար բնույթի խնդիրների լուծման հետ. «Ֆրանսիան առաջնահերթություն է համարում Իդլիբ նահանգում հրադադարի պահպանումը մարդասիրական աղետից և փախստականների նոր ալիքից խուսափելու համար»։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն էլ նշել է, որ, չնայած տարբեր մոտեցումներին, չորս պետությունների ղեկավարներն էլ նպատակ ունեն լուծել Սիրիայում իրավիճակը:

Գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությունը թուրքական կողմինն էր: Ամռանն այն հնչեցրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման օրակարգը քննարկվել էր սեպտեմբերին՝ Ստամբուլում չորս երկրների ղեկավարների օգնականների կողմից անցկացված հատուկ հանդիպման ժամանակ: Ինչպես նշել էր Էրդողանը, Աստանայի բանակցությունների ձևաչափը միջազգային համագործակցության օրինակելի փորձ կարելի է համարել և նշել, որ Ֆրանսիայի և Գերմանիայի միանալով հնարավոր է փոփոխելով ընդլայնել Աստանայի ձևաչափի համագործակցությունը։ Ըստ թուրքական կողմի՝ որքան ավելի շատ երկրներ միանան այս ձևաչափին, այնքան ավելի արագ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը։ 

Գագաթնաժողովի արդյունքները

Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները շաբաթ օրը Ստամբուլում քննարկել են սիրիական կարգավորման ուղիներն ընդլայնելու հարցը: Երեք ժամ տևած գագաթնաժողովը հաստատեց, որ բոլոր կողմերը կողմ են քաղաքական և դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծմանը: Բացի այդ՝ քառյակի ղեկավարները հանդես են եկել սիրիացիների համար մարդասիրական օգնության ավելացման օգտին, այդ թվում` երկրի ոչնչացված ենթակառուցվածքների վերականգնման: Քննարկվել են սիրիական կարգավորման վերաբերյալ «փոքր խմբի» և Աստանայի ձևաչափի երկրների ջանքերի միացման հարցեր։ Համաձայնեցվել են Սիրիայում քաղաքական գործընթացի առանցքային տարրերը: Նախևառաջ, խոսքը վերաբերում է մինչև ընթացիկ տարվա ավարտը խաղաղ գործընթացի վերահաստատմանը, մասնավորապես՝ Ժնևում Սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը: Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի պայմանավորվածությամբ ու համաձայնությամբ քաղաքական գործընթացները պետք է լինեն սիրիացիների ձեռքում, և ՄԱԿ-ը պետք է նպաստի այս գործընթացին:

Արված պաշտոնական բոլոր հայտարարություններում հստակ երևում է, որ հանդիպման մասնակիցները հայտարարել են Սիրիայի վերաբերյալ նախկին իրենց մտադրությունների մասին, այն է՝ եթե Անկարան Իդլիբի դեէսկալացիայի հարցով իր պարտականությունները չկատարի, ապա Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի սիրիական կառավարական ուժերին աջակցություն ցուցաբերելու (ավելի վաղ Սոչիում Պուտինը և Էրդողանը պայմանավորվածություն էին ձեռք բերել այս տարածաշրջանը ապառազմականացված գոտու վերածելու մասին, որը կանջատեր կառավարական ուժերը զինված ընդդիմադիր ստորաբաժանումներից)։ Թուրքիան ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողությունների շարունակության վերաբերյալ, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը ընդդիմադիր ուժերին: Գերմանիայի ղեկավարության կողմից Բաշար Ալ-Ասադի դեմ որևէ կոնկրետ հայտարարություն չի հնչել՝ նրա հրաժարակաը բաց տեքստով չպահանջելով:

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ Սիրիայում իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի հիմնականում Ռուսաստանի և Թուրքիայի միջև Իդլիբի շուրջ համաձայնությունների իրականացմամբ: Նաև կարևոր է այն փաստը, որ գագաթնաժողովում ընդգծվեց Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը, որը մինչ այս ոչ մի ձևաչափում չէր արծարծվել։

Պատահական չէ, որ հենց Թուրքիան է նախաձեռնել այս ձևաչափով հանդիպումը, քանի որ այսպիսով Թուրքիան իր հավատարմությունն է հայտնում թե՛ ԵՄ-ին, թե՛ Ռուսաստանին: Վերջերս տեղի ունեցած միջազգային իրադարձությունների ֆոնը՝ Խաշոգջիի գործը և Սաուդյան Արաբիայի միջազգային ակտիվության անկումը, սակայն, էապես կբարձրացնի Թուրքիայի դերը սուննիական աշխարհում, ինչն էլ որոշակի վստահություն կստեղծի սիրիական ուղու վրա: 

Հանդիպման արդյունքներն ուսումնասիրելով՝ կարելի է ասել, որ գլխավոր առաջընթացը, որին հաջողվեց հասնել, այն է, որ Փարիզը, Բեռլինը, Մոսկվան ու Անկարան համաձայնության եկան, որ եթե պայմանները թույլ տան, ապա մինչ տարեվերջ կստեղծվի Սահմանադրական հանձնաժողով, որը պետք է դառնա Սիրիայում քաղաքական գործընթացի գլխավոր դերակատարը։ Սակայն այս համաձայնությունը չի կարելի համարել շոշափելի արդյունք, քանի որ դրա կայացման հետ կապված հարցերն ու անորոշությունը բավական շատ են։ Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ գագաթնաժողովը որոշակի դրական արդյունք կարող է ապահովել գոնե այն մասով, որ մասնակիցները կարողացան հավաքվել և քննարկել Սիրիայի կարգավորման խնդիրները: Չնայած պետք է նաև հստակ հասկանալ, որ Սիրիայի կարգավորումը շատ երկար ճանապարհ ունի անցնելու, այդուհանդերձ, Ստամբուլում քառակողմ գագաթնաժողովը կարող է դառնալ կարգավորման առաջխաղացման հերթական փուլերից մեկը:

#russia #turkey #france #germany #syria #eu

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել