Հակառակ Վրաստանի տիրակալ Բիձինա Իվանիշվիլիի պնդումներին, որ իշխանական թեկնածու նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին կհաղթի հենց առաջին փուլում, Վրաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Երկրորդ փուլ են անցել երկրի երկու նախկին արտաքին գործերի նախարարները՝ Սալոմե Զուրաբիշվիլին և Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված վրացական խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն ընդունել է իր պարտությունը և հայտարարել, որ ընտրությունների երկրորդ փուլում կսատարի իր նախկին կուսակից Գրիգոլ Վաշաձեին:
Բաքրաձեն ժամանակին Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կարկառուն դեմքերից էր, սակայն հետագայում Սահակաշվիլիի աքսորի պայմաններում առանձնացավ մայր կուսակցությունից և ստեղծեց փոքր, ինչ-որ առումով մարգինալ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:
Ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ սա վրացական նախագահի վերջին ուղղակի ընտրություններն են: Նախագահն ունի համաներման իրավունք, և ընդդիմադիր թեկնածու Վաշաձեն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում անմիջապես համաներում կհայտարարի Սահակաշվիլիի նկատմամբ, իսկ Սահակաշվիլին էլ իր հերթին հայտարարել է, որ Վաշաձեի հաղթանակի դեպքում կվերադառնա հայրենիք և կիրականացնի երկրորդ հեղափոխությունը, ինչի շանսերը, իմ կարծիքով, բավականին ռեալ են։
UPDATE:
Առաջին փուլում ԿԸՀ տվյալներով հետեւյալ պատկերն է.
Սալոմե Զուրաբիշվիլի` 40.05%,
Գրիգոլ Վաշաձե` 37.93%,
Դավիթ Բաքրաձե` 10.38%։