Yerkir.am-ը գրում է.

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց, որ հաշված շաբաթներ հետո երկիրը կմտնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ: «Միանգամայն տրամաբանական և հասկանալի է, որ շատ քաղաքական ուժեր, գործիչներ քարոզարշավն արդեն այսօրվանից են սկսում: Դրանում որևէ արտառոց կամ դատապարտելի բան չկա: Միանգամայն տրամաբանական է, որ շատ դեպքերում նաև, ինչու չէ, սեփական որևէ թերացում կամ սխալ ուղղելու փոխարեն մեղքը գցում են մեկ ուրիշի վրա: Դա էլ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, որովհետև քաղաքական գործընթաց է. ինչե՞ր ենք տեսել այս ամբողջ ընթացքում: Բայց մեղադրել դիմացինին սեփական ձախողման կամ սխալ հաշվարկի համար, դա արդեն ընդունելի չէ: Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ հայտարարել, որ Դաշնակցությունը երեկ կողմ էր քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին, երկուշաբթի դարձյալ կողմ է քվեարկելու»,- ասաց Սեյրանյանը:

Նրա ներկայացմամբ՝ իրենք համարում են` անկախ նրանից, թե իրենց քանի ու որ առաջարկներն են ընդունվել, եթե առաջարկվող նախագիծը թեկուզ մի փոքր ավելի լավն է, քան գործողը, դրա դեմ արտահայտվելը հակասում է Դաշնակցության սկզբունքներին և քաղաքական մոտեցումներին:

Սեյրանյանը նշեց նաև, որ նրանց համար, ովքեր գուցե այնքան էլ լավ չեն հասկացել Դաշնակցության  մոտեցումները, թե ինչ է եղել երեկ, ուզում է ասել, որ այն կոնսենսուսը, որն այդքան կարևորում էին, չի ձևավորվել, և կոնսենսուսի գնալու կամքի բացակայության պատճառով մարդիկ չեն քվեարկել: «Կոնսենսուսը միայն սիրուն բառ չէ, այն բովանդակություն ունի: Իսկ ի՞նչ է եղել այսօր. մենք չենք միացել այդ ստորագրահավաքին, քանի որ միանալ` նշանակում է լինել համահեղինակ: Իսկ եթե մեր բոլոր առաջարկներից ոչ մեկը՝ «ամենաանմեղն» էլ չի ընդունվում, ինչպե՞ս ենք դառնում համահեղինակ: Բայց, մեկ է, կողմ ենք քվեարկելու նոր ԸՕ-ին՝ առանց համահեղինակ լինելու»,- պարզաբանեց նա:

Սեյրանյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ ասում են, թե չեն հասկանում Դաշնակցության մոտեցումները: Պատգամավորի խոսքով՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ եթե ինչ-որ մեկը 5 ամսվա ընթացքում 7 անգամ տեսակետ է փոխում, դա հասկանում են, իսկ որ Դաշնակցությունը 5 ամիս շարունակ նույն բանն է ասում, չեն հասկանում: «Այդ ոնց էր՝ 5 ամիս առաջ ասում էինք այն, ինչ կառավարության ծրագրում գրված էր, հասկանո՞ւմ էիք: Երբ քառյակով հավաքվում էինք, ընդհանուր հայտարարի էինք եկել, այդ ժամանա՞կ էլ չէիք հասկանում՝ ինչ ենք ասում:  Բայց այն ժամանակ դուք կողմ եք եղել նրան, ինչ ասում էր Դաշնակցությունը: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ինչ-որ բան այդ պահին ինձ ձեռ է տալիս՝ հասկանում եմ, եթե այդ պահին ձեռ չի տալիս` չեմ հասկանում: Եկեք հասկանալ-չհասկանալու խնդիրը տարանջատենք, թեև քաղաքական պայքար է, ամեն ինչ հասկանում եմ, բայց խեղաթյուրել պետք չէ»,- ասաց Սեյրանյանը:

Դաշնակցական պատգամավորի հավաստմամբ՝ Դաշնակցությունը 5 ամիս, 5 շաբաթ, 5 օր առաջ էլ ասում էր՝ կոնսենսուսով է պետք անել ամեն ինչ: «Կրկին եմ ասում՝ մոդային տուրք տալու խնդիր չէ, եթե ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդիկ քվեարկեն, և բոլորս շահագրգռված ենք, որ օրենքը փոխվի, ուրեմն մարդկանց քվեարկելու փոքր տեղ թողեք: Չի կարելի բոլորին հերոսաբար խցկել փակուղի, հետո էլ, երբ Դաշնակցությունը փակուղուց ելք է առաջարկում, ասել, թե՝ չենք հասկանում ձեր մոտեցումը: Պետք չէ քաղաքական կողմնորոշման մի տրամադրությունը տեղափոխել ամբողջ շրջագծի վրա»,- ասաց Սեյրանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել