Ընդամենը սովորական պոռոտախոսություն է, երբ սովորական քաղաքացին իր ընկերների շրջապատում կենաց ասելիս հպարտությամբ նշում է, որ ինքն այնքան վսեմ էակ է, որ թշնամիներ չունի, բայց երբ պետության ղեկավարն է հուզմունքով հայտարարում, որ ինքը թշնամիներ չունի, դա, բնականաբար, տուրք է առասպելաբանությանը, թեև որոշ առումով դա կարող է և իրականություն լինել, որը սակայն զանգվածների համար անհասկանալի և անտեսանելի է։ Ըստ էության, այդ հայտարարությունը հղում էր բոլոր պոտենցիալ թշնամիներին, որ փորձեն հասկանալ, որ ամեն ինչ կատարվում է բարի նպատակներով, որ նրանց՝ թշնամիներին որևէ լուրջ բան չի սպառնում, որ այս ամենը կատարվում է ընդամենը իշխանության ամրապնդման համար։ Կարճ ասած՝ այդ ուղերձը ուղղված էր ոչ թե հասարակությանը, որը երբեք էլ չի գիտակցել, թե ինչ է կատարվում իր շուրջը, այլ՝ քաղաքական մրցակիցներին, և այն սեփական իշխանության ամրապնդման իրավունք ունենալու հստակ կոչ էր նախկիններին, որ ինքը նրանցից մեկն է, և ուրեմն ունի բոլոր իրավունքները սեփական իշխանություն կերտելու համար և որ նախկիները զուտ բարոյապես իրավունք չունեն ընդդիմանալ այդ վեհ առաքելությանը, քանզի իրենց քաղաքական և պետական գործունեությամբ ընդամենը վաստակել են հասարակության հակակրանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: