Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզի ինքնավարությունը թուրք-մոլդովական հարաբերություններում «կապող օղակ» է ավանել:
«Մեր գագաուզցի եղբայրները կարևոր տարր են երկու երկրների հարաբերություններում: Թուրքիայի 80 մլն բնակիչները ողջունում են եղբայրներին»,- ասել է նա Գագաուզյան ինքնավարության կենտրոն Կոմրատում ճեպազրույցի ժամանակ:
Էրդողանը նշել է, որ առաջին անգամ է Գագաուզիայում և հավելել, որ Անկարան «տարածաշրջանում նոր նախագծեր կիրականացնի`ի բարօրություն այստեղ բնակվող գագաուզցի թուրքերի»: Նա հավաստել է, որ Թուրքիան կշարունակի ներդրումները Մոլդովայի և Գագաուզյան ինքնավարության ենթակառուցվածքներում:
Թուրքիան մեծ ֆինանսական, շինարարական և ներդրումային ծրագրեր է իրականացնում Գագաուզիայի տարածքում: Գագաուզիայում գործում են համատեղ մոլդովա-թուրքական ձեռնարկություններ, ուսումնարաններ, գագաուզ ուսանողները տարբեր բարեգործական ծրագրերով ուսում են ստանում թուրքական համալսարաններում:
Ի նշան երախտագիտության՝ ինքնավարության մայրաքաղաք Կոմրատում մի քանի տարի առաջ բացվել են թուրքական աշխարհի քաղաքական գործիչների`Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրիները:
Գագաուզիան իր հերթին հետաքրքված է նաև ադրբեջական ներդրումներով և ֆինանսական աջակցությամբ և հրավիրում է ադրբեջանական ընկերություններին, այդ թվում՝ SOCAR-ին, ներդրումներ իրականացնել ինքնավարության տարածքում:
Նշենք, որ Մոլդովայի տարածքում գործում է նաև Մոլդովայի ադրբեջանցիների կոնգրես կազմակերպությունը, որը միավորում է այդ երկրում մի քանի հազարի հասնող ադրբեջանական համայնքը և ներկայացնում նրանց շահերն ու կազմակերպում զանազան միջոցառումներ:
Այսպիսով՝ ադրբեջանա-մոլդովական հարաբերությունները զարգանում են առևտրա-տնտեսական, քաղաքական և այլ մակարդակներում, ինչը պայմանավորված է առաջին հերթին մոլդովական կողմի ադրբեջանական նավթից և գազից օգտվելու, ադրբեջանական ներդրումները Մոլդովա բերելու և ՎՈւԱՄ-ի շրջանակներում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներով`Ռուսաստանի ազդեցության նվազեցում երկրի տնտեսական, էներգետիկ ոլորտների վրա, ինչպես նաև Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացից Մոսկվայի աստիճանական դուրսմղում:
2004թ.-ի մարդահամարի տվյալներով՝ գագաուզների թվաքանակը Մոլդովայում անցնում է 155.000-ից:
Այսպիսով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հետխորհրդային Մոլդովայում գործում է միասնաբար`պանթուրքիզմի և նեոօսմանիզմի արտաքին քաղաքական ուղենիշներին համապատասխան: