Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին ամիսներին ամենաշատը թունավորող ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի շուրջ պատմությունն ավարտվեց Վաշինգտոնի հաղթանակով: Հոկտեմբերի 12-ին Իզմիրի քաղաքային դատարանը որոշել է չեղարկել Բրանսոնի համար սահմանված տնային կալանքը և ազատ է արձակել վերջինիս դատարանի դահլիճից: Իզմիրի դատարանի որոշումից հետո տեղի է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Հիշեցնեմ, որ Թուրքիայի բռնապետ Էրդողանն ամերիկյան պաստորին մեղադրում էր 2016 թ․-ի հուլիսին ձախողված պետական հեղաշրջման մասնակիցներին և կոնկրետ Էրդողանի թշնամի, հոգևոր քարոզիչ Գյուլենին աջակցելու մեջ: Իզմիրի քաղաքային դատարանը Բրանսոնին մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր 3 տարի և 45 օր ազատազրկման: Թուրքական դատարանի այդ որոշումից հետո պաշտոնական Վաշինգտոնը չէր դադարում բանակցություններն Անկարայի հետ՝ ԱՄՆ-ի քաղաքացուն ազատություն շնորհելու ուղղությամբ: Սակայն Օբամայի վարչակազմի կողմից վարվող բանակցությունները որևէ արդյունք չտվեցին: Իրավիճակը կտրուկ փոխվեց Դոնալդ Թրամփի կառավարման ժամանակ և հատկապես վերջին ամիսներին, երբ ԱՄՆ-ի նախագահը բացահայտ սպառնաց Անկարային, որ եթե վերջինս շարունակի իրեն անխոհեմ պահել և չազատի Բրանսոնին, ապա շատ թանկ է վճարելու: 

Էրդողանը կարծում էր, որ Թրամփը խոսքից գործի չի անցնի: Սակայն խոսքից ընդամենը օրեր անց Վաշինգտոնը պերսոնա նոն գրատա հայտարարեց Թուրքիայի արդարադատության և ՆԳՆ նախարարներին, ինչպես նաև բարձրացրեց Թուրքիայից ԱՄՆ ներկրվող ալյումինի և պողպատի մաքսային հարկերը: Օրեր անց ոչ միայն թուրքական ազգային արժեք լիրան կտրուկ գահավիժեց, այլև խորը ճգնաժամում հայտնվեց Թուրքիայի տնտեսությունը: 

Էրդողանը շարունակում էր «լավ տղա» խաղալ և հայտարարում էր, որ իր հետ ոչ ոք, այդ թվում՝ նաև Թրամփը չի կարող ուժեղի դիրքերից խոսել և շանտաժել: Թուրքիան նույնիսկ ևս փորձեց պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ից Թուրքիա ներմուծվող ապրանքների նկատմամբ: Ամենածիծաղելին Էրդողանի նախաձեռնած iPhone-երի դեմ պատերազմն էր: ԱՄՆ-ի տնտեսությունը նույնիսկ չարձագանքեց Անկարայի պատժամիջոցներին: 

Ինչպես երևում է, Էրդողանը, իսկ ավելի ճիշտ է ասել՝ Թուրքիայի տնտեսությունը դիմացավ երկու ամսից մի փոքր ավելի: Հոկտեմբերի 12-ի Իզմիրի դատարանի որոշումն Էրդողանի պարտության ամրագրումն էր Թրամփի առաջ: Չնայած այն հանգամանքին, որ թուրք պաշտոնյաները փորձում են սեփական հասարակությանը համոզել, որ Բրանսոնի ազատ արձակումը կապ չունի ԱՄՆ ճնշումների հետ, սակայն բոլորն էլ լավ հասկացան, որ Թրամփի տնտեսական հարվածն Անկարային ստիպեց Էրդողանին գնալ զիջումների: Համոզված եմ, որ եթե ոչ վաղը, ապա օրեր անց ԱՄՆ-ն կչեղարկի Անկարայի դեմ իր կողմից այս տարվա օգոստոսին սահմանված պատժամիջոցները, որի աղետալի հետևանքներն ապագայում Անկարային կստիպեն ավելի զգույշ լինել Վաշինգտոնի հետ հարաբերություններում: Էրդողանի այս պարտությունը ծանր հետևանքներ կունենա վերջինիս համար, ով սիրում էր Արևմուտքի հետ խոսել շանտաժի և նախապայմանների լեզվով: «Անպարտ Էրդողանի» իմիջը փլուզվեց: Այն, ինչ կարելի է Վաշինգտոնին, կարելի կլինի նաև Արևմուտքի մյուս մայրաքաղաքներին ևս, որի ականատեսը, հուսով եմ, շատ շուտով կլինենք: 

ՀԳ. Ի տարբերություն ՌԴ-ի՝ ԱՄՆ-ը չհավատաց ոչ Էրդողանի արցունքներին, ոչ էլ շանտաժներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել