Armenpress.am-ը գրում է.

Այս տարվա  դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ վերջին զարգացումներից հետո 2018թ.-ի դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդավարական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»,- շեշտեց վարչապետը:

 Ինչ վերաբերում է խորհրդարանական մի քանի ուժերի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերին, վարչապետը նշեց, որ դրանք միտումնավոր են արվում:

«Հիմա, եթե հարց է գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում կա հակահեղափոխություն, և Հայաստանում հակահեղափոխական են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը.ինձ հավաստիացնում են, որ դա 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Այն պատգամավորը, ով կաջակցի այդ նախագծին, ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն նախագիծը հասնի ռևանշի կառավարության նկատմամբ, մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման շուրջ իր դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել