Անկեղծ ասած` ես իսկապես կուզենայի, որ ԱԺ-ում ՀՀԿ-ի մեկ տասնյակի չափ պատգամավորներ ընդդիմություն լինեին: Այսօրվա կես հարյուրյակը շատ մեծ թիվ է և խանգարում է «ընդդիմություն աշխատել», բալաստը շատ մեծ է և ծանր: Իսկ 10-11 մարդը ճկուն և կառուցողական ընդդիմություն կլիներ: Իրականում ՀՀԿ-ն միակ լուրջ ընդդիմությունը կլինի: Բայց որպեսզի նրանք ընդդիմություն լինեն, պետք է ԱԺ նոր ընտրություն լինի: Սրանից ՀՀԿ-ի հնարավոր առաջատար տասնյակը վախենում է, որովհետև իսկապես հնարավորությունը շատ մեծ է, որ առհասարակ ՀՀԿ-ից մարդ չանցնի խորհրդարան: Եթե գոնե Հանրապետական կուսակցության ֆորմալ անդամներն իրենց քվեները տան ՀՀԿ-ին, այդքան մարդ կհավաքվի: Եվ եթե առաջիկա ԱԺ-ում գոնե 3-4 կուսակցություն 7-10 տոկոս ձայն հավաքի, ընդ որում՝ ԱԺ տանեն իրենց իսկապես վերլուծողներին, մտածողներին, ոչ թե բալաստը՝ կոճակ սեղմողներին, մենք մոտավորապես 60%/40% ԱԺ կունենանք։ Ներկա պահին դա լավագույնը կլինի։ 60%-ն, իհարկե, բավարար է կարևորագույն որոշումներն անցկացնելու համար, բայց այդ խմբում միշտ 10-12 տոկոս կհավաքվի՝ վտանգավոր շրջադարձերի դեպքում դեմ քվեարկելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: