Ժամանակին Ֆրանսիան ողջ Եվրոպային ծանրագույն խնդրի առջև էր կանգնեցրել։ Եվրոպայի ավանդական թագավորական ընտանիքները սարսափի մեջ էին հայտնվել, հեղափոխական Ֆրանսիան սպառնում էր իր օրինակով թատերաբեմից հեռացնել նրանց։ Եվրոպայի երորրդ դասակարգը՝ բուրժուզիան ու բյուրգերները, ողջունում էին իրենց նվաճելու համար եկած ֆրանսիական զորքերին, իսկ Բեթհովենը սիմֆոնիա էր նվիրում Նապոլեոնին։ Նապոլեոնի կերպարը դեմոնիզացիայի էր ենթարկվում, ու նախկին ախոյանները միավորվել էին Նապոլեոնի դեմ, բնականաբար, նրանք իրենց մորթու փրկության համար Նապոլեոնի ու հեղափոխական Ֆրանսիայի հարցը պետք է լուծեին ու լուծեցին։ Հարյուր տարով՝ մինչև առաջին աշխարհամարտը, Եվրոպայի թագավորական ընտանիքները երկարաձգեցին իրենց գոյությունը։

Բնական է, որ Հայաստանն օրինակ է եվրասիական երկրների համար և այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում։ Նրանք բոլորը կոռուպցիոներներ են և վախենում են կորցնել ոչ միայն իշխանությունն ու ունեցվածը, այլ գուցե ավելի շատ բան։ 

Եթե անգամ Հայաստանը զորամիավորումներ ուղարկի ոչ միայն Սիրիա, այլ անգամ Լուգանսկ, միևնույն է, Հայաստանը (ոչ թե Նիկոլը) նստելու է սեղանի ծայրին, բոլորից մեկուսացված՝ նաև հնարավոր պատերազմի դեպքում։ Անգամ աշխարհաքաղաքական դիրքերի կորուստը երկրորդական են գործող էլիտայի համար, իրենց մորթին իրենց համար ավելի թանկ է։ Վիճակը լրջանում է նաև նրանով, որ Հայաստանն այդ մարտահրավերը նետում է իր անվտանգության համակարգի տարածքում։ Դա ծայրահեղ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։

Սակայն Հայաստանի հեղափոխությունն անընդունելի է նաև Արևմուտքի համար, որտեղ նույնպես ուժգնանում են պոպուլիստական շարժումներն ընդդեմ էմիգրանտների, եվրոբյուրոկրատների և տրանսազգային կազմակերպությունների։ Հարավային Կովկաս այցելած Մերկելը միայն Հայաստանի հետ որևէ պայմանագիր չկնքեց, իսկ Միացյալ Նահանգներում Նիկոլին ԱՄՆ որևէ լուրջ պաշտոնյա չընդունեց։ Դա վերաբերմունք է։
Եթե Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում կար հասկանալի բացատրություն՝ թուլացնում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը, Հայաստանի պարագայում նման բացատրություն չկա։ Դա պայքար է հին էլիտաների դեմ, ինչը վտանգավոր է նաև եվրոբյուրոկրատների համար։

Նման պայմաններում պետք է հանդարտեցնել վիճակը։ ԱԺ արագացված ընտրությունները կարող են արագացնել Հայաստանի պատժման գործընթացը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել