Շահումով խաղերը, որոնք ուղղակի կործանում են բազմաթիվ ընտանիքներ, պետք է արգելվեն կամ առնվազն դառնան անհասանելի հասարակության գերակշիռ մեծամասնության համար:
Հորդորում եմ նոր կառավարությանը և անձամբ վարչապետ Ն. Փաշինյանին ձեռնարկել համապատասխան իրավական գործընթաց Երևան քաղաքից և հանրապետության բոլոր խոշոր համայնքներից, այսպես կոչված, բուքմեյքերական գրասենյակները դուրս վռնդելու համար, եթե հնարավոր չլինի ամբողջությամբ արգելել այդ կառույցների գործունեությունը:
Ավելին՝ պետք է արգելվի նաև ինտերնետով շահումով խաղերի գործունեությունը, իսկ այդ խաղերն ապօրինի կազմակերպողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Ես տագնապ եմ բարձրացնում, որ այս խաղերն ուղղակի չարիք են շատերի համար: Ինքս մի քանի ընտանիքներ գիտեմ, ովքեր ուղղակիորեն դարձել են այդ խաղերի զոհը:
Խորապես համոզված եմ, որ որևէ արդարացում չի կարող լինել նշված կազմակերպությունների գործոունեության համար: