Armtimes.com-ը գրում է.

Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատաքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե աշխատանքից ազատվել է, որովհետեւ գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է արտաժամյա աշխատել, բայց նա մերժել է, որովհետեւ անչափահաս երեխա ունի: Էդուարդ Աղաջանյանը ՀԺ-ին տված պարզաբանման մեջ նշեց, որ Գրիգորյանը աշխատավայրում հավելյալ մնալու խնդրով իրեն դիմել է, բայց իրանակում պարզվել է, որ նման բան չի եղել:

«Տիկին Գրիգորյանը պնդում էր, որ գործերի կառավարիչն իրեն պահում է արտաժամյա՝ մինչեւ 22:00-ն եւ նա չի կարողանում համատեղել անչափահաս երեխայի խնամքը: Նա առաջարկում էր իրեն այդքան երկար չպահել: Նա գործերի կառավարչի մասին ինձ մոտ անհարգալից էր խոսում, որի հետ կապված նրան որեւէ բան չի ասվել: Ես խնդիրը քննարկել եմ պարոն Պապիկյանի հետ եւ պարզվել է, որ Նարե Գրիգորյանը ստել է, որովհետեւ նա աշխատանքից ամենաուշը դուրս է եկել 18:15 րոպեին»,-ասաց Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ գործերի կառավարչի ասածից զատ նա ստուգել է նաեւ կառավարության մուտքի եւ ելքի էլեկտրոնային համակարգը, ինչի միջոցով պարզ է դարձել, որ Նարե Գրիգորյանն աշխատանքից հեռացել է վերոնշյալ ժամանակահատվածում: «Փաստաթղթերը ես ուսումնասիրել եմ եւ չկա մի օր, որ Նարե Գրիգորյանը դուրս է գալիս ժամը 18:20-ից ուշ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Նրա պնդումները սուտ էին»:

Աղաջանյանը հավաստիացրեց, որ անգամ Նարե Գրիգորյանի աշխատավարձն է բարձրացվել՝ Պապիկյանի կողմից գործերի կառավարչի պաշտոնը ստանձնելուց հետո: «Նրա նկատմամբ որեւէ կանխակալ վերաբերմունք չի եղել: Նա աշխատանքից ազատվել է հետեւյալ պատճառով. ինձ հետո խոսելուց հետո Նարե Գրիգորյանի եւ Վահան Պապիկյանի միջեւ եղել է հետեւյալ խոսակցությունը, որ, եթե աշխատանքից հետո մի քանի րոպե մնալն անտանելի է դառնում իր համար, ապա ազատ է դիմում գրել եւ դուրս գալ: Գործերի կառավարչին ի պատասխան Նարե Գրիգորյանը հիստերիկ պահվածք է ցուցաբերել եւ Պապիկյանին ու իմ գործավարին զգուշացրել է, որ դառնում է ընդդիմադիր լրագրող»,- մանրամասնեց Աղաջանյանը:

Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել.

«Նիկոլի ականջը կանչի՝ այսօրվանից գործազուրկ եմ: Հարգելի բարեկամներ, այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ՝ Վահան Պապիկյանը, ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», - ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ եւ եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ: Սիրելի բարեկամներ, ես կոռուպցիոներ չեմ եւ ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի եւ ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարչությունում ցինիկ եւ արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են՝ վախից: Ես եւ մեկ հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների՝ արդյունքում գործազուրկ դարձանք:

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը հարյուր հազարավոր քաղաքացիներ: Մոլորված քաղաքացիներ: Իրականում ո՛չ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ո՛չ արդարություն, ո՛չ մարդասիրություն: Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ կատարելու և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի»:

Այնուհետեւ, Նարե Գրիգորյանն իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել