Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար իրանական իշխանությունները մեղադրել են Սաուդյան Արաբիային ու նրանց հետևում կանգնած ԱՄՆ-ին:
Ահվազ քաղաքը Խուզիստան նահանգի կենտրոնն է, որի բնակչության մեծամասնությունն արաբ է, և այստեղ միշտ ակտիվ են եղել անջատողական տրամադրություններն ու շարժումները: Այդ նահանգն ունի մեծ տնտեսական կարևորություն Իրանի համար նավթային լոգիստիկայի պատճատով, ինչն էլ հանգեցնում է նրան, որ Թեհրանի տարածաշրջանային հակառակորդները փորձում են ապակայունացնել անջատողական տրամադրություններ ունեցող այդ շրջանը:
Իրան-Սաուդյան Արաբիա proxy war-ը տեղափոխվում է փաստացի միմյանց տարածք: Իրանն աջակցում է Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում բնակվող շիաներին` ընդդեմ սաուդյան իշխանությունների:
Այդ նահանգը Էր-Ռիյադի համար շատ կարևոր է նավթային հարուստ պաշարների պատճառով: Բացի այդ՝ իրանական հատուկ ծառայություններն աջակցում են Եմենում հոուսիտներին, ովքեր հրետակոծում են Սաուդյան Արաբիայի տարածքը` հարավային շրջանները:
Սաուդյան Արաբիան դրան ի պատասխան փորձում է խնդիրներ ստեղծել Իրանի համար` աջակցելով արաբական, քրդական և այլ անջատողական շարժումներին, ովքեր գործում են Իրանի տարածքում:
Ապակայունացնելով միմյանց` երկրները փորձում են նվազեցնել միմյանց ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում` մահմեդական աշխարհում:
Ուղիղ ռազմական բախման կողմերը չեն գնում․ սաուդցիները գիտակցում են Իրանի զինված ուժերի հզորությունը, իսկ Իրանն էլ գիտակցում է, որ Սաուդյան Արաբիայի ու Ծոցի երկրներում ներկա են ամերիկյան ռազմաբազաներ․ հարվածելով սաուդցիներին նրանք կբախվեն արաբական միացյալ կոալիցիայի ուժերին, որոնց գլխավորելու ու ուղղորդելու է ԱՄՆ-ն: Բահրեյնում է գտնվում ամերիկյան ռազմածովային ուժերի կենտրոնատեղին:
Բացի այդ՝ Ծոցի երկրների ու Իրանի բախումից կօգտվի նաև Իսրայելը, որն ամեն կերպ կօգնի արաբական կոալիցիային ընդդեմ Թեհրանի: