Արտահերթ ընտրությունների սցենարը փոխվում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների պատճառով։ 81% քվե ստանալը Երևանում պարզ ազդակ էր, որ իրականում ընտրական օրենսգրքի ոչ մի փոփոխություն էլ պետք չէ Փաշինյանին, որպեսզի հավակնի խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ստանալուն։ Ի դեպ, օրենսգրքի փոփոխության նախաձեռնությունը պայմանավորված էր երկու գործոնով՝ հիմնավորել, թե կոնկրետ ինչի՞ համար է պետք ժամանակավոր/անցումային կառավարություն ունենալ, ինչպես նաև որոշակիորեն ապահովագրել քաղաքական հեռանկարները՝ մինիմիզացնելով մյուս քաղաքական հակառակորդների հնարավորություններն ընտրակաշառքների ու կեղծիքների կիրառության մասով։

81%-ը նշանակում է, որ առկա օրենսդրությունը լրիվ բավարարում է Փաշինյանին, եղած ադմինիստրատիվ լծակներն էլ բացառում են կեղծարարության քիչ թե շատ նշանակալից բաժինների հնարավորությունը։ Եվ ուրեմն՝ ի՞նչ է մնում Փաշինյանին։ Ճիշտ է, հնարավորինս արագ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ։ Նախորդ վերլուծությանս մեջ հենակետային էի ընդունել այն միտքը, որ Նիկոլն իրոք սկզբունքորեն է տրամադրված օրենսգիրք փոխելու հարցում, իսկ դա գարնանից շուտ անել չի ստացվի, բայց նոր հանգամանքներում ու հենակետային ընդունելով այն, որ օրենսգրքի փոփոխությունը, ինչպես նաև սահմանադրական օրենքի անցկացումը, համաձայն որի՝ հնարավոր կլիներ ԱԺ ինքնալուծարում, այլևս արդիական չէ, ապա պետք է սպասել զարգացումների այլ սցենարի։

Սցենարը, ըստ ամենայնի, կլինի հետևյալը․

- ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլը լծվում է խորհրդարանական ուժերին համոզելուն, որ «անարյուն» զիջեն ԱԺ-ն։ Տեղեկատվական արշավն արդեն սկսվել է, ու հանրությանն արդեն իսկ նախապատրաստում են այս զարգացումներին։

- Եթե ԱԺ ուժերը չհամաձայնեն գործարքի գնալ ու երաշխիքեր չտան Փաշինյանին, որ իր հրաժարականի դեպքում նոր վարչապետ չեն ընտրելու, ապա Փաշինյանը իրեն հատուկ վճռականությամբ ու մաքսիմալիզմով ժողովրդին շուրջօրյա ցույցերի կհանի։

- Երբ ամբոխին բավականաչափ կատալիզացում հաղորդվի, կկազմակերպվի ԱԺ շրջափակում, ու Փաշինյանը հրաժարական կտա։ ԱԺ-ի շրջափակումը, ինչպես նաև ուժայինների լոյալությունը հնարավորություն կտան բացառելու, որ երկու շաբաթվա ընթացքում գումարվի ԱԺ արտահերթ նիստ, որում կարող են ընտրել նոր վարչապետ, և Սահմանադրության համաձայն՝ ԱԺ-ն կլուծարվի, կնշանակվեն նոր ընտրություններ։

Կա նաև զարգացման այլ հնարավոր սցենար, որ խորհրդարանական ուժերը չեն գնա առճակատման ճանապարհով ու առանց դիմադրության կհանձնվեն, բայց դատելով հնչող հռետորաբանությունից՝ դա քիչ հավանական սցենար է։

Ինչ վերաբերում է առաջին սցենարին, ապա այն դատապարտված է հաջողության, եթե չլինի երրորդ կողմի լուրջ միջամտություն։ Օրինակ՝ ռուսների/եվրոպացիների/ամերիկացիների ուլտիմատում, որ չեն ճանաչի նման մեթոդով իշխանության եկած ուժի լեգիտիմությունը, բայց նախ՝ ես ինքս խիստ կդատապարտեմ նման միջամտությունը, երկրորդը՝ քիչ հավական եմ համարում, որ ռուսներն ու այլք գնան ՀՀ-ի հետ հարաբերությունների ամբողջական փչացման, ինչ է, թե Փաշինյանը չլինի։

Տարընթերցումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ միակ բանը, որ կարող է մեղմել իմ ընդդիմադիր կեցվածքը Փաշինյանի հանդեպ, արտաքին միջամտությունն է՝ կլինի դա նկարագրածս դեմարշների տեսքով, թե, օրինակ, պատերազմի։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, սա մեր ներքին հարցն է, ու եթե ժողովրդի մեծամասնությունն ուզում է անպայման Փաշինյանին ու «Ելքին» տեսնել գահի վրա, ապա այդպես էլ պետք է լինի, իսկ դրան հակազդել և դա փոխել կարելի է ու պետք է միայն ներքին ռեսուրսով։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել