Երբ երկրի ղեկավարը մարդկանց սև ու սպիտակի է բաժանում, ասում է, թե 12 ուժեր ներկայացնող Երևանի ավագանու ընտրությունները «հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են», որտեղ «ժողովրդի» միակ ուժն «իր քայլը» դաշինքն է, իսկ մյուս 11 ուժերը հակահեղափոխականներ են, հռչակում է ազգի դավաճաններ ու դիակներ նախկին նախագահներին, ուզում է ինչ-որ «վատ» մարդկանց ասֆալտին փռել ու պատերին զարկել, խոստանում է կամուֆլյաժը հագնել ու ամբոխի գլուխն ընկած տներ ներխուժելով ժողովրդի թշնամիներին հայտնաբերել, սպառնում է ԱԺ պատգամավորիներին ամբոխ հանել նրանց դեմ, նրա ԱԱԾ-ի պետը դատավորին կարգադրում է կալանք տալ, իսկ ինքն էլ հրապարակից չլսող դատավորի վրա մատ թափ տալիս, թե խելքներդ գլուխներդ հավաքեք, ևս մի անգամ հասկանում ես, որ կոռուպցիան ամենավատ բանը չէ աշխարհում։
Հիմա, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Իմ քայլը» դաշինքը հնարավորինս շատ քվե պիտի հավաքի, որ Ազգային ժողովի պատգամավորները, տեսնելով՝ ամբողջ ժողովուրդը իր հետ է, նրա հրամանները ստրուկի պես կատարեն. «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ դուք քվեարկում եք Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություն կազմակերպելու օգտին... Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում ես ունեմ յուրաքանչյուրիդ քվեի կարիքը»։ Պարզվեց՝ սրանք Երևանի ավագանու ընտրություններ չեն, սա Հայաստանի ամբողջ իշխանությունը գրավելու հանգրվան է։
Բայց եթե «Իմ քայլը» 100 տոկոս ձայն էլ ստանա, Փաշինյանը դժվար թե կարողանա ԱԺ-ի պատգամավորներին պարտադրել իր ուզածը։ Ինչո՞ւ. մայիսի 8֊ին ԱԺ-ում պատգամավորները Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեցին ոչ թե վախից, ոչ թե վախեցան, որ չընտրեն՝ ամբոխը իրենց կհոշոտի, ոչ, քվեարկեցին, քանի որ խաբվեցին «սիրո ու հանդուրժողականության», «վենդետա չի լինելու» լոզունգներին, ձեռքերը վեր բարձրացրած սրբապատկերների անմեղ հայացքներ ընդունած նիկոլականների համերաշխության հավաստիացումներին։
Հիմա շատերը հասկացան, իսկ ԱԺ-ում բոլոր պատգամավորները հասկացան, որ խաբվել են, որ ոչ մի սեր ու հանդուրժողականություն էլ չկար, որ սերն ու հանդուրժողականությունը մորֆի էր իշխանություններին թմրեցնելու ու իշխանությունը ձեռքներից առնելու համար, որ նույնիսկ հանդուրժողականություն չկա «Ելք» դաշինքի գործընկերների նկատմամբ, էլ ուր մնաց հանրապետականներին կամ դաշնակցականներին հանդուրժեն, որ, հակառակը, ատելություն ու անհանդուրժողականություն է տարածվում։ Եվ հիմա տեսնելով, որ Փաշինյանը, ձեռքին ունենալով միայն կառավարություն, սպառնալիքներ է թափում, նրա ԱԱԾ֊ն դատավորներին հրամաններ է տալիս, բա որ ամբողջ Ազգային ժողովն իրենով անի, ինչ արհավիրքի առաջ կկանգնեցնի իրենց։ Ուրեմն՝ հասկանում են, որ եթե քվեարկեն ԱԺ-ն ցրելու որևէ տարբերակի համար, կստորագրեն իրենց դատավճիռը։
Կքվեարկե՞ն արդյոք։ Քիչ հավանական է։
Փաշինանը շտապեց. մարտի մեկի գործը բացելով ու Երևանի ավագանու ընտրություններում բոլոր քաղաքական ուժերին թշնամի հռչակելով՝ բացահայտեց իր իրական ձգտումներն ու կրքերը։ Կարող էր, չէ՞, մի քիչ զսպել վրեժի զգացումը, ավագանու բոլոր տեղերը վերցնելու ագահությունը, սպասեր, շարունակեր սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը, մինչև Ազգային ժողովը հանգիստ կցրվեր ու նոր ընտրություններով ամբողջ իշխանությունն իրենով անելուց հետո թևերը քշտած կանցներ գործի։ Թե՞ վստահ է, որ իրենից «դուխով» գործիչ Հայաստանում չկա, ու ոչ ոք չի համարձակվի «ժողովրդի կամքին» սեփական կամքը հակադրել։ Կերևա՝ կա՞, թե՞ չկա, ուրեմն՝ արդյո՞ք պատգամավորները կքվեարկեն ԱԺ-ն ցրելու օգտին։ Եթե չքվեարկեն, ի՞նչ կանի Փաշինյանը։
Առայժմ երեք տարբերակ կա.
1-ին․ կրկին «սիրո և հանուրժողականության» դոզա ներարկելով թմրեցնել քաղաքական գործիչներին՝ ԱԺ֊ն լուծարում է։ Բայց էլ չի աշխատի, այդ թմրանյութի նկատմամբ արդեն իմունիտետ կա։
2-րդ․ փոխզիջման գնա բոլոր քաղաքական ուժերի հետ ու շարունակի ստատուս քվոն պահպանելով կառավարել։ Այս պահին սա երկրի համար ամենանվտանգ տարբերակն է թվում, եթե, իհարկե, հիմա էլ Փաշինյանը չի թմրել ժողովրդի անունից հարցեր լուծելու թմրանյութով:
3-րդ․ Փաշինյանը, ամբոխ հանելով, «ուղիղ ժողովրդավարությամբ» ԱԺ-ն օրենքից դուրս է հռչակում, կամ այլ խոսքով՝ սահմանդրական կարգը տապալում։ Հետսովետական երկրներում այդպիս փորձ կա, Ռուաստանում նախագահ Ելցինը 1993֊ին տանկերով ցրեց Գերագույն սովետը։ Հայաստանում նման բանը կարող է աղետի հանգեցնել։