Newsarmenia.am-ը գրում է.
ԱՄՆ Չիկագո քաղաքում բնակվող 7 տարեկան Արեն Էմրիկյանը դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն մինչև 8 տարեկան երեխաների շրջանում։
Առաջնությունն անցկացվել է Բրազիլիայի Պոկոս դե Կալդաս քաղաքում օգոստոսին, գրում է Chicago Tribune–ը։
«Մայրս է սովորեցրել ինձ շախմատ խաղալ։ Չեմ հիշում, թե երբ եմ խաղացել առաջին խաղս, այնքան շատ ժամանակ է անցել, միգուցե` երկու տարի։ Կարծում եմ, որ մայրս ցանկանում էր, որ ես առանձնահատուկ լինեմ, նա մտածում էր, որ շախմատը լավ և տրամաբանական խաղ է», – նշել է Արեն Էմրիկյանը։
Նրա խոսքով, շախմատն իսկական զվարճանք է, եթե ճիշտ ես խաղում և խարդախություն չես անում։«Ես մարզվում եմ ամեն շաբաթ մարզչիս հետ մեկուկես ժամ։ Սովորաբար ագրեսիվ խաղացող եմ, կարող եմ 4–5 քայլ առաջ մտածել։ Պաշտպանության մեջ այդքան էլ լավ չեմ, երբ պաշտանողական ոճով եմ խաղում, հիմնականում պարտվում եմ», – նշել է հայազգի փոքրիկը։
Արենի խոսքով` Բրազիլիայում տարած հաղթանակը նրա համար մեծ անակնկալ էր։
«Ոգևորված էի, որ մասնակցելու, սակայն շատ էի նյարդայնանում։ Չէի սպասում, որ կհաղթեմ», – նշել է փոքրիկը։
Բացի շախմատից, հայազգի փոքրիկը սիրում է ընթերցանություն։
«Սիրում եմ Հարի Փոթթերի մասին պատմող գրքերն ու ֆիլմերը։ Շատ եմ սիրում պիցցա` հատկապես միայն պանրով և սուշի», – նշել է Արենը։