Tert.am-ը գրում է.

Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և ես ուզում եմ ասել, որ այն ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքների հեղափոխություն է: «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպմանն իր ելույթում այսպես ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունը արդյունք չի ունենա, եթե մենք չհասնենք նաև տնտեսական հեղափոխության»,- միևնույն ժամանակ նկատեց նա՝ հավելելով, որ այդ առումով Հայաստանի համար հիմա ամենակարևոր շրջափուլն է, երբ պետք է ապահովվի տնտեսական ճեղքում:

Նիկոլ Փաշինյանը համաձայն է այն խոսքի հետ, որ շատ հստակ կանոններ են պետք տնտեսական գործունեության համար: «Մենք այդ կանոնների մասին բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով Հայաստանում դեռևս ոչ բոլորն են դրան հավատում»,- ասաց նա


Ներկայացրեց, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո ինքը հրավիրել է գործարարների շրջանակի և արել հայտարարություն, որ որևէ գործարար, որևէ ընկերություն ազատված է կոռուպցիոն պարտավորվածություններից: «Մենք ներդրողների հետ հարաբերություններում երկու պայման ենք առաջ բերել․ գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որ նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն, և, իհարկե, նրանք էլ պետք է հարկեր վճարեն»,- ասաց նա:  

Վարչապետը նաև հավելեց, որ իրենք նաև ի գիտություն են ընդունել բիզնեսից եկած այն ազդակները, որ հայաստանյան հարկային օրենսգիրքը խառնիճաղանջ է և բարդացնում է տնտեսական գործունեություն ծավալողների գործը: Ըստ նրա՝ դա հաշվի առնելով է, որ նախաձեռնել են Հարկային օրինագրքի փոփոխություն:

«Բայց մենք բախվում ենք նաև մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում գոյություն ունեցած քաղաքական համակարգի հետ: Որևէ ընկերություն չի կարող գործել տվյալ երկրի իրականությունից կտրված: Եվ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ, որոնք գործել են ՀՀ-ում, ստիպված են եղել գործել այն խաղի պայմաններում, երբ գոյություն են ունեցել կոռուպցիան և մենաշնորհների հովանավորչությունը»,- ասաց նա: 

Այս համատեքստում նա ֆրանսիացի ներկայացուցիչներին պատմեց, որ վարչապետ ընտրվելուց հետո իր առաջին քայլերից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցելելը, որը միակն էր իր վարչապետ ընտրվելու պահին, որ գործում էր օրենքի շրջանակներում: «Այդ պայմաններում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ փոքրանալու գործընթացը կանգնել է, և երաշխավորված է նրա ընդլայնվելու գործընթացը, որովհետև հիմա բոլոր սուպերմարկետները գործում են օրենքի շրջանակներում, և այլ բան լինել չի կարող»,- հավաստիացրեց ՀՀ վարչապետը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել