Դերասան Հովհաննես Ազոյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Հեղափոխությունը շարունակվում է… Այո՛, հեղափոխությունը դեռ չի ավարտվել, քանի դեռ մեր քայլը մեր վերջին քայլը չէ։ Օրերս ես արեցի իմ հերթական քայլը և անդամագրվելու հայտ ներկայացրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որովհետև վճռական եմ տրամադրված եռանդս ներդնելու մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու գործին։ Քանի որ չեմ ուզում ապրել անցյալի Հայաստանում, որտեղ դատավորը նստած զանգի է սպասում, որտեղ 10 000 դրամով կարող են մարդ գնել, որտեղ ստեղծված բարիքը թալանվում է մի քանիսի կողմից, որտեղ այդ մի քանիսի ընտրվելու համար ամեն ստոր ու սարսափելի բան արվում է՝ թաղի խուժանին մեծարելուց մինչև մարդասպանություն: Երկիր, որտեղ վերելակն այնքան անմխիթար վիճակում է, որ մտածում ես, որ վերջդ եկել է: Երկիր, որտեղ գողանալն այնքան սովորական է, որ հաճախ մոռանում են, որ գողոնի մեջ տուշոնկա էլ կա... Երկիր, որտեղ երիտասարդները, անկախ տարիքից ու սեռից, «հորս արև», «մորս արև»-ով են խոսում, անգամ հաճախ «շան տղա» լինում: Երկիր, որտեղ աղբը մարդուց շատ է, որովհետև այդ երկրում մեր կյանքի ամենաարժեքավոր երևույթը՝ մարդը, արժեք չունի և պետք է չունենա, որ 10 000 արծաթով գնես նրա ապագան: Ոչ ի պատիվ մեզ՝ սա մեր անցյալն էր, ու ի պատիվ մեզ՝ ազատեցինք մեզ այդ դժոխքից, բայց դեռ չենք կառուցել արժանապատիվ ու զարգացող Հայաստան, որի մայրաքաղաքը Երևանն է, այն Երևանը, որ վաղն է գալու․․․ Այո՛, այսօր Երևանը դեռ ազատագրված չէ… Մի քանի օր հետո գալու է մեր մայրաքաղաքն ազատագրելու ժամանակը»։