Այսօր՝ օգոստոսի 7-ին, Թեհրանում Սիրիական ճգնաժամը և ամերիկյան պատժամիջոցները քննարկելու նպատակով տեղի է ունենալու եռակողմ՝ Վ․ Պուտին - Հ․ Ռուհանի - Ռ․ Էրդողան հանդիպումը, որին ընդառաջ իրանական առաջատար լրատվականներից մեկը վերլուծական ծավալուն հոդված է հրապարակել։
Հոդվածի բովանդակությունն այլ քննարկման թեմա է, և ավելի ճիշտ կլինի հանդիպումից հետո անդրադառնալ դրան, այստեղ հետաքրքրական է այդ հոդվածում հրապարակված նկարը, որը կցել եմ այս գրառմանը։
Գաղտնիք չէ, որ Թուրքիան ու Իրանը, չնայած վերջին շրջանում շահերի հաճախակի համընկնելուն, մրցակից պետություններ են, և շատ ավելի հաճախ նրանց շահերը բախվում են, քան համընկնում։ Իսկ իրանական դիվանագիտությունն էլ հայտնի է իր նրբանկատությամբ և բազմածալք լինելով և, ըստ երևույթին, այս նկարով փորձել են Թուրքիային ցույց տալ Սիրիական հակամարտության մեջ նրա տեղը։
Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ թեմայի վերաբերյալ առկա բազմաթիվ լուսանկարներից իրանական կայքը ընտրել է հենց այս մեկը։