Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա` Lapis Lazuli տրանսպորտային միջանցքով աֆղանական առաջին ապրանքները կտեղափոխվեն հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է Աֆղանստանի արդյունաբերության նախարարությունը:
Նշվում է, որ կոնտեյներներով տեղափոխվելու են գորգեր և թանկարժեք քարեր, որոնք առաքվելու են Թուրքիա և Հոլանդիա:
Lapis Lazuli տրանսպորտային միջանցքն անցնելու է Աֆղանստանով, հետագայում՝ թուրքմենական Թուրքմենբաշիի նավահանգստով ու Բաքվով ու երկաթգծային կապով դեպի Փոթի, Բաթումի և Թուրքիա:
Ադրբեջանը նավթ և գազ արտահանող երկրից դառնում է տարանցիկ միջանցք տարբեր կենտրոնների համար` մի կողմից՝ Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի, մյուս կողմից` Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և արդեն իսկ Աֆղանստանի համար:
Բաքուն, միլիարդավոր դոլարներ ներդնելով լոգիստիկայի մեջ (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ, Ադրբեջան-Վրաստան միջպետական ճանապարհի վերանորոգում, Բաքվի մերձակայքում Ալյաթիի նոր բազմաֆունկցիոնալ նավահանգստի կառուցում և այլն), փորձում է տարանցման համար գումարներ ստանալ և դրանք ուղղել արդյունաբերության և այլ ճյուղերի զարգացման մեջ` հասկանալով, որ նավթի գների տատանումներն ուժեղ ազդեցություն են ունենում այդ երկրի բյուջեի վրա:
Նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից` նավթային ասեղից, Ադրբեջանը փորձում է իջնել՝ շեշտը դնելով տրանսպորտային միջանցք` Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ուղղություններով վերածվելու վրա:
Մոտակա տասնամյակում Բաքվի համար առաջնային են լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը` ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղղությամբ ապրանքների տարանցումը, Տրանսկասպյան միջանցքը` Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ ուղղությունը, Կենտրոնական Ասիա (Ուզբեկստան, Թուրքմենստան, Աֆղանստան)-Ադրբեջան-Կովկաս-Թուրքիա-ԵՄ ուղղությունը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթծի անխափան աշխատանքի իրականացումն ու սեփական նավթագազային խողովակներով ղազախական, թուրքմենական գազի ու նավթի տարանցման իրականացումը դեպի Թուրքիա և ԵՄ: