Թուրքիան մտադրություն ունի ռազմաբազա հիմնելու Նախիջևանի տարածքում։ Նման տեղեկություն է հրապարակել թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Զեյնեբ Գյուրջանլըն իր հերթական հոդվածում։
Թուրքական ԶԼՄ-ներով այս տեղեկության տարածումը կարող է ունենալ զոնդաժի բնույթ․ Անկարան ստուգում է Մոսկվայի, Բաքվի, Թեհրանի ու Երևանի արձագանքն այս տեղեկությանը: ՌԴ-ին ու Իրանին՝ որպես տարածաշրջանային տերությունների, Նախիջևանում թուրքական ռազմաբազային ստեղծումը ձեռնտու չէ և կարող է հանգեցնել կոշտ արձագանքների:
Բացի այդ՝ Նախիջևանում ռազմակայանի ստեղծումն ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության ուղիղ սպառնալիք է նաև ՀՀ-ին․ Երևանի և Սյունիքի հարևանությամբ թուրքական զորքերի առկայությունը լրացուցիչ զորքերի և զինտեխնիկայի տեղակայման անհրաժեշտության կհանգեցնի:
Թուրքական ռազմակայանի տեղակայումը կփոխի ուժերի բալանսն այս տարածաշրջանում, ինչպես նաև Բաքվին լրացուցիչ ազատություն կտա ղարաբաղյան ուղղության վրա` ապահովություն զգալով Նախիջևանի համար:
Պետք է նշել, որ Անկարան տարիներ շարունակ տնտեսապես և այլ լծակներով էքսպանսիա է իրականացնում Նախիջևանում:
Թուրքիան ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին։
Վերջերս Անկարայից հայտարարություններ են հնչել այն մասին, որ նրանք ցանկանում են Կարսից երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան. Թուրքիա-Նախիջևան-Իրան տարանցիկ միջանցքի միջոցով թուրքական ապրանքները հասնելու են թե՛ Նախիջևան, թե՛ իրանական շուկաներ։
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է որպես ՀՀ-ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ (Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար)։ Թուրքիան ցանկանում է «կլանել» Նախիջևանը, այդ թվում՝ Իրանի ազդեցությունն այնտեղ զսպելու համար։
Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով նրանք ցանկանում են Նախիջևանը Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն դարձնել: