Artsakhpress.am-ը գրում է.

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ:

Այս մասին հայտնում է People ամսագիրը:
Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ: Ադրբեջանից դիմում էր ուղարկվել «Ինտերպոլ»՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով:
Այս առնչությամբ Բիլզերյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրեն ձերբակալելու մասին որոշումը քաղաքական շարժառիթներ ունի: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական իշխանությունները ձերբակալելու որոշում են կայացրել միայն իր նկատմամբ, իսկ այցին մասնակից մյուս անձանց մասին որևէ որոշում չի կայացվել: «Կարծում եմ՝ այս ամենն այն պատճառով է, որ ես հանրային դեմք եմ, և նրանք ցանկանում են այս դեպքը որպես օրինակ ծառայեցնել»,- նշել է նա:
Բիլզերյանը խոստացել է, որ կպայքարի իր դեմ ներկայացրած մեղադրանքների դեմ՝ ընդգծելով, որ չի ցանկանում երբևէ այցելել Ադրբեջան:
People-ը գրում է նաև, որ կապվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, որտեղից ամսագրին հայտնել են, որ իրենք դիմել են «Ինտերպոլ»-ին՝ կոչ անելով անտեսել Ադրբեջանի դատախազության դիմումը՝ համարելով այն քաղաքական շարժառիթ ունեցող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել