Մերկելը Վրաստան էր բերել շուրջ 200 մլն եվրոյանոց ներդրումային ծրագիր։ Թբիլիսիում անգամ եթե լեզգինկա պարեին սաղ կառավարությունով նրա դեմը, կարելի էր հասկանալ։ Իսկ Հայաստանում, բացի հերթապահ հայտարարություններից ու Հյուսիսային պողոտայի՝ աչք շոյող զբոսանքից, գերմանական կողմի հետ բանակցությունների արդյունքում՝ ինչ-որ շոշափելի արդյունք, ծրագիր, ներդրում, խոստում եղա՞վ։ Գոնե նման հայտարարության չեմ հանդիպել։
Թե չէ ազգովի ուրախանում ենք, որ Բաքվում նրան օդանավակայանում Ալիեւը չի դիմավորել, այլ Մամեդյարովի զամը, ու դա Մերկելին հեչ հաճելի չի լինի։ Ի դեպ, ըստ դիվանագիտական էթիկայի՝ պետք է ԱԳ նախարարը դիմավորի, բայց դե կա հասկանալի քաղաքական իրողություն։ Ուստի, այո, Մերկելին դա հաստատ հաճելի չի լինի, բայց նաեւ հստակ է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են նման քայլի իմաստն ու հնարավոր հետեւանքները։
Պատահական էլ չէ, որ Թբիլիսիում դեռեւս Մերկելը հայտարարել էր, որ ռուսական գազն ավելի մատչելի է, քան ադրբեջանականը, թեպետ մշտապես Եվրոպայում բողոքում են «ռուսական գազային իմպերիալիզմից» ու Ադրբեջանով անցնող զանազան ՆԱԲՈՒԿԿՕ, Հարավային գազային միջանցք ու այլ նախագծեր մոգոնում։
Բաքվի հետ հարաբերությունները կդզվեն, հանգիստ լինենք։ Եվրոպայի հետ «դարի գործարք» ունեն կնքած։ Հիմա ազիկներն ատամներ են ցույց տալիս, ավելին են ուզում Եվրոպայից, ձեռքի հետ էլ Թուրքիային ու ՌԴ-ին են բարեկամական ժեստ անում։ Դե հակաարեւմտյան կրքերը երեքին հիմա միավորում են։
Ու կրկին հարցս մեզ է վերաբերում՝ մենք հիմա ի՞նչ ստացանք կամ կստանանք Մերկելի այցից, գոնե ինչ-որ կոնկրետ ծրագիր դեմ տվի՞նք՝ հստակ ու փաստարկված, որ ֆինանսավորեն, ստացվե՞ց գոնե Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո առաջացած որոշակի լարվածությունը հարթել։