Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված պետական հանրահավաքի ընթացքում բնակչության ականջին հաճո, բայց մասնագիտական շրջանակների համար աբսուրդային միտք հնչեց «ուղղակի ժողովրդավարության» մասին, որը հնչեցնելու հիմնական պատճառը, հուսով եմ, այն էր, որ Փաշինյանը գեղարվեստական մակարդակում է տիրապետում այդ եզրույթի բնորոշմանը: Ուստի այս գրառմամբ փորձեմ անդրադառնալ Փաշինյանի թյուրընկալման բովանդակային և մեթոդաբանական սխալներին, ինչը, վստահ եմ, կօգնի նոր կառավարությանը թե՛ տեսական տերմինների նշանակությունը հասկանալու, թե՛ գործնականում դրանք կիրառելու համատեքստում: Կավելացնեմ նաև օգտակար գրականության ցանկ` ընթացիկ ընթերցանության և հրապարակային ելույթներ պատրաստելու համար: 

Ուղղակի ժողովրդավարության իր ընկալումը Փաշինյանը նշանավորեց Հին Հունաստանի մոդելը հիշատակելով, և կարծում եմ, որ գլոբալ թյուրընկալման հիմնական պատճառներից մեկը հենց այդ մանրուքի մեջ է կայանում: Նախ՝ Հին Հունաստանի կառավարման համակարգը քաղաքագիտական դիալեկտիկայով ժամանակակից ժողովրդավարության նվազագույն պահանջների հետ որևէ աղերս չունի (կարդալ` Շումփիթր «ժողովրդավարության դասական ձևակերպումը», Սամուել Հանթինգթոն «Ժողովրդավարության երրորդ ալիք» գրքի առաջին գլխի «The meaning of democracy» ենթագլուխը, Խուան Լինզ և Ալֆրեդ Սթեֆըն «ժողովրդավարության անցման և կոնսոլիդացիայի խնդիրները»): Երկրորդ՝ հին հունական ժողովրդավարության մոդելն աշխարհի որևէ երկրում կիրառելի չէ ոչ թե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը միակն է, որ կարողանում է 2 միլիոնին մոտ ընտրող ունեցող երկրում 100 հազարանոց հանրահավաք անել, այլ այն պատճառով, որ այդ մոդելը ժամանակի ընթացքում դադարել է բավարարել իրական ժողովրդավարության պահանջներին: Ժողովրդավարությունը, ժամանակի հետ զարգանալով, արդեն 18-րդ դարի վերջին (Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխություններ) իր դե ֆակտո առաքելություններն իրականացնելու համար սահմանել է դե յուրե գործիք, որն ամբողջացել է «սահմանադրություն» եզրույթով: Իսկ արդեն 20-րդ դարում ժողովրդավարությունը՝ որպես քաղաքական վարչակարգի կատարելատիպ, ենթարկվել է տասնյակ հազարավոր հետազոտությունների և էլ ավելի է զարգացել` առավել քան երբևէ հեռանալով Նիկոլի պատկերացրած հին հունական ուղղակի ժողովրդավարությունից, ուստի ժամանակակից աշխարհում «հին հունական ուղղակի ժողովրդավարության» մոդելին անցնելու հայտարարությունները տարակուսանք են առաջացնում շատերի մոտ (ինչը և եղել է Նիկոլի ելույթից հետո ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպանատներում): 

Ավելին՝ Փաշինյանի ասած` «ուղղակի ժողովրդավարության մոդելը» մեթոդաբանորեն էլ է սխալ: Մասնավորապես` հանրահավաքին մասնակցողների թիվը, ըստ պաշտոնական տվյալների (ճիշտն ասած՝ մի քանի տասնյակ հազարով ուռճացված թիվ է պաշտոնականը), 120-150 հազար է եղել: ԵԼՔ դաշինքին տրված ձայների քանակը մոտավորապես համընկնում է այս թվին, և եթե դու Սահմանադրությունից դուրս գալով ասում ես, որ հրապարակն է որոշելու քաղաքականությունը և հանդիսանալու է իշխանության բարձրագույն մարմին, ապա պետք է նաև խոստովանես, որ այդ հրապարակում ներկա է ընդամենը վերջին ընտրություններին մասնակցած ընտրողների 7-9 տոկոսը, ինչն ուղղակիորեն չի արտացոլում բարձրագույն իշխանության մարմնի համար անհրաժեշտ մեծամասնության պահանջները: Այսինքն, եթե անգամ ելնենք այն տեսանկյունից, որ մենք մի քանի հազարամյակ ետ ենք գնում և «հին հունական ուղղակի ժողովրդավարության» մոդելով ենք գործում, ապա անգամ այդ դեպքում 150 հազար քաղաքացիներն ուղղակի չեն կարող լիազորված լինել բարձրագույն իշխանություն իրացնելու գործառույթներով: Եթե Նիկոլ Փաշինյանի` «ուղղակի ժողովրդավարության» մասին ունեցած պատկերացումների բովանդակային թյուրընկալումը կարող ենք օբյեկտիվորեն վերագրել նրա մասնագիտական գիտելիքների բացակայությանն այդ ոլորտում, ապա մեթոբանական սխալի միտումնավոր բնույթը որևէ այլ բանով պայմանավորված չէ: Այսինքն՝ Փաշինյանն այս պարագայում դիմում է ակնհայտ պոպուլիզմի, որը միգուցե կարճաժամկետ արդյունավետության տեսանկյունից ընկալելի է, բայց այ երկարաժամկետ համատեքստում՝ խիստ վտանգավոր:

Հ.Գ. Ի դեպ, մի շատ կարևոր հանգամանք, որը ևս վրիպեց շատերի ուշադրությունից. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «օգոստոսի 17-ի հանրահավաքը հեղափոխության ողջ ընթացքում եղել է ամենաբազմամարդ հանրահավաքը», իսկ Վալերիյ Օսիպյանը, կրկնապատկելով մասնակիցների թիվն, ասաց, որ հանրահավաքին մասնակցել են 120-150 հազար մարդ: Այսինքն, ըստ էության, «հեղափոխության» առաջնորդի կողմից ամիսներ շարունակ հնչող «500-700 հազար քաղաքացիների մասնակցությամբ իշխանության գալու» միֆը պաշտոնապես հերքված է հենց այն ստեղծողների կողմից: Եթե կարդացիք, կներեք երկար գրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել