Հիշում եմ՝ նախկինում մշտապես զարմանում էի, երբ ֆիլմերում տեսնում էի Հիտլերին, Լենինին, Ստալինին, Մաո Ցզեդունին, մյուսներին հիացական, վերացած, աշխարհից, իրականությունից կտրված, նրանց աստվածացնող, հիպնոսացած բազմության աչքերը:

Սարսափում էի, զարմանում և հիասթափվում նման մարդ տեսակից։ Նմաններն ընդունակ են ամեն ինչի՝ իրենց կուռքի մեկ ձեռքի շարժումով՝ ռոբոտի, զոմբիի, անուղեղի, կամազուրկի, ազնիվ մոլորյալի նման…
Իսկ հիմա հասկանում եմ։ Նմաններին արդեն անձամբ եմ ճանաչում, շատերի վերացական գրառումներն ու հայհոյիչ մեկնաբանությունները հաճախ տեսնում և կարդում։

Նախկին իշխանությունները շատ վատ բաներ ունեին, շա՜տ… Հաբրգածներն ու լկտիներն էին շատ։ Սակայն ձեր կուռքերին, գրանտներով սնվող զանազան թյուրիմացություններին և բոլորին, առհասարակ, թողնում էին խոսել, արտահայտվել, քննարկել, քննադատել, նույնիսկ ծաղրել և հայհոյել։ Եվ վայելում էիք այդ հնարավորության գինարբուքը, շատ հաճախ խոսում, բարբաջում նույնիսկ առանց մտածելու։ Եվ դրա արդյունքում և հանդուրժողականության ընձեռած հնարավորությամբ եկաք իշխանության: 

Իսկ այսօ՞ր… Այսօր սպառնում, գրաքննում, վախեցնում եք Հիտլերի, Ստալինի նման՝ գեստապոյով, չեկիստներով…Լռե՛ք, խելոք մնացե՛ք, թե չէ ԱԱԾ-ն կզբաղվի ձեզանով, իսկ բանկերից կճշտվեն ձեր անձնական հաշիվներն ու կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Սա արդեն հետընթաց է… Լուրջ և վտանգավոր…

Վտանգավոր է քաղաքացիների մի ստվար զանգվածի Կաշպիրովսկու նման մանիպուլյացիայի ենթարկելը, նրանց պարբերաբար փսիխոզի, էքստազի, տրանսի, հոգեցնցումների մեջ պահելն ու կառավարելն ամբոխահաճո, նրանց դուրեկան, ցանկալի խոսքերով ու գործողություններով։ Նրանց հակադրելով բազմաքանակ բնակչության մեկ այլ խմբի և հազարավոր խելացի, իրատես իրենց նման չմտածող մարդկանց…

Բայց փսիխոզը, հիպնոսը, տրանսը, գրգռմունքը, էքստազը երկար չեն տևում։ Մի օր լուսնոտի նման կսթափվեն, կարթնանան ու կտեսնեն իրականությունն ու հենց կուռքերին, նրանց հիշեցնող ամեն ինչ ոտնատակ կտան։
Պատմությունը շատ օրինակներ ունի և շատ դառն ու տհաճ դասեր կտա։ Բայց կորուստներով ու անդառնալի հետևանքներով։ Ինչպես միշտ, դարեր շարունակ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել