Եվրատեսիլ մեկնած մեր պատվիրակությունը բարեհաջող վերադարձավ Հայաստան և հիմա ճիշտ ժամանակն է, որ հայտարարությամբ հանդես գա Հանրային Հեռուտաընկերությունը և պարզաբանի, թե ինչու վերջին երկու տարիներին մեր երկիրը գրանցեց բացարձակ ձախողում եվրոպական երգի մրցույթում: Հաշվի առնելով հեռուստաընկերության հանրային կարգավիճակը և այն փաստը, որ Հանրայինի բյուջեն ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից` Հանրային Հեռուստաընկերության պատասխանատուները պետք է հասարակությանը ներկայացնեն, թե որքան գումար է նախատեսվում, որքան և ինչի համար է ծախսվում երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի բեմում չկային պարողներ, չկար բեմադրություն և շոու, չկային դեկորներ, տղաները կրում էին ինչ-որ խանութից գնված ջինսեր` պարզ է, որ Հանրայինը խնայել է բավականին գումար: Ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքներով են ընտրվում Ազգային ժյուրիի անդամները, քանի որ նրանց կազմում կան մարդիկ, որոնց երաժշտական բարձր որակավորում ունենալու հանգամանքը կասկածի տեղիք է տալիս: Ի՞նչ սկզբունքով է հեռուստաընկերության կողմից ընտրվում տվյալ տարին երկիրը ներկայացնող մասնակիցը, երբ հաշվի չի առնվում ժողովրդի և Սփյուռքի կարծիքը, և միայն քվեարկելու ժամանակ են հիշում նրանց գոյության մասին և աղերսանքներով դիմում նրանց: Ինչո՞ւ չի անցկացվում իսկապես արդար նախընտրական փուլ, ինչո՞ւ չի ապահովվում ազատ մրցակցություն, և ինչո՞ւ են ամեն անգամ «հաղթում» կանխավ ընտրված և իրենց երգերի վրա մեծ գումարներ ներդրած, լավ պրոդյուսեր ու թիկունք ունեցող ձևական մասնակիցները և անճաշակ երգերը: Հաշվի առնելով վերջին ձախողումները՝ արդյոք նախատեսվո՞ւմ ենՀայաստանյան Եվրատեսիլի աշխատակազմի փոփոխություններ և մասնակցի ընտրության նոր մոտեցումներ: Ամոթ բան չի, որ մի անգամ հետաքրքրվեք կամ հարցնեք մեր հարևաններ Ռուսաստանինց, Ուկրաինայինց, թե ինչպես են կարողանում յուրաքանչյուր տարի ներկայացնել լավ շոու և ճիշտ երգ (Ադրբեջանը, այդ կերպ առաջնորդվելով, մշտապես զբաղեցնում է իր տեղը լավագույն հնգյակում և նույնիսկ մասնակցության երրորդ տարում գրանցեց հաղթանակ): Լավ կլիներ, որ հաջորդ տարի մինչ նախընտրական փուլ անցկացնելը ընտրված երգերը մի քանի ամիս առաջ տեղադրվեն մեր երկրի կամ հեռուստաընկերության պաշտոնական կայքերում, ինչի արդյունքում ժողովուրդը ավելի լավ կծանոթանա ներկայացված երգերից յուրաքանչյուրին, կպատկերացնի յուրաքանչյուր երգի դեպքում ինչպիսի շոու կարելի է ներկայացնել և միայն ընտրության օրը կկատարի իր ընտրությունը: Հարկավոր է փոխել մոտեցումը, խնայություններ չանել, կազմակերպել մասնակցի արդար ընտրություն, ներկայացնել լավ երգ ու շոու և մեկ անգամ էլ հասարակ և թիկունք չունեցող մի երիտասարդի հնարավորություն տալ բարձրանալ Եվրատեսիլի բեմ, գուցե այս մոտեցմամբ էլ հաղթենք մի օր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել